Տեսակետ

«Ինչպե՞ս լուծել Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելության հարցը»․ Հակոբ Բադալյան

«Ինչպե՞ս լուծել Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելության հարցը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Ինչպե՞ս լուծել Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելության հարցը․ արդյո՞ք ներքաղաքական ճգնաժամով:

Չեմ պնդում, իհարկե, բայց փորձը ցույց է տալիս, որ այն, ինչ չի ստացվում քաղաքական համաձայնության ճանապարհով, գործի է դրվում ուժային տրամաբանությամբ:

Հայաստանի իշխանությունը դեմ էր ՀԱՊԿ առաքելությանը սահմանին, բայց թերևս դեմ չի լինի այդպիսի առաքելությանը իշխանության սահմանին՝ իշխանությունը պահելու համար: Դա կհակասի՞ ինքնիշխանության «կրեդոյին»: Ամենևին: 

Ընտրազանգվածը կողջունի հայկական «ժողովրդավարությունը» թեկուզ ՀԱՊԿ միջոցով պահելու՝ իշխանության այդ «տակտիկական» քայլը, հատկապես, որ պահելու այլ պատրաստակամություն ունեցող գործնականում չկա և չի էլ եղել, որքան էլ պաշտոնական Երևանից արվեն միջազգային հանրությանն ուղղված «գործնական քայլերի» կոչեր:

Կրկնեմ՝ սա իբրև սցենարային մտահոգություն, այլ ոչ պնդում, որովհետև չի բացառվում նաև գոլորշին կառավարելիորեն բաց թողնելու տեխնոլոգիան, որ մի անգամ կիրառվեց արդեն 2020-ի նոյեմբերից հետո, և միանգամայն կարող է աշխատել ևս մեկ անգամ, քանզի մինչ այժմ հասարակական-քաղաքական օրգանիզմի որևէ շրջանակում չի գրանցվել քաղաքական փիլիսոփայության առանձնակի աճ:

Իսկ երրո՞րդ՝ իշխանափոխության տարբերակ:

2018 թվականից հետո ես Հայաստանի առնչությամբ չեմ բացառի ոչինչ, բայց, միևնույն ժամանակ, չեմ տեսնում իշխանափոխության արտաքին պահանջարկ արտահայտող ոչինչ:

Իսկ ներկայիս փուլում, ըստ իս, Հայաստանին և, առավել ևս, Հայաստանի իշխանությանն առնչվող հարցերում վճռորոշ գործոնը արտաքինն է՝ դուր գա դա որևէ մեկին, թե ոչ:

Այդպես է բոլոր այն երկրներում, որտեղ քաղաքական դասը բոլոր ելքերը փնտրում է արտաքին դաշտում, և արդեն բոլորովին կարևոր չէ, թե արտաքին ո՛ր կիսադաշտում»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական