Տեսակետ

«Ռուսաստանը ձգտելու է անել առավելագույնը՝ Արցախում հայությանը պահելու համար»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մարդկային ճակատագրերn առաջնայինն են, գերառաջնայինն են, ու այստեղ քննարկման որևէ հարց չկա, որ պետք է անել ամեն ինչ՝ որևէ մեկ նոր զոհ կամ բռնության ենթարկվող չունենալու համար: Բայց, կա նաև քաղաքականությունը, ու դրա մասով այժմ կասեմ մի բան, որը գուցե շատերին լսելը հաճելի չէ: Ռուսաստանը ձգտելու է անել առավելագույնը՝ Արցախում հայությանը պահելու համար:

Արևմուտքն անելու է առավելագույնը՝ տարհանումն առաջ մղելու համար, որովհետև միայն այդ դեպքում է ավելորդ լինելու Ռուսաստանի ներկայությունը, քանի որ այդ դեպքում այլևս հիմնավորապես փակվում է Արցախի հարցը: Եվ դրանով փակվում է Արևմուտքի համար կարևորագույն հարցը: Չկա Ադրբեջանում Ռուսաստանի ներկայություն՝ չկա Ռուսաստան Կովկասում: Մեր թյուր պատկերացումն է, թե Հայաստանն է Կովկասում Ռուսաստանի «հենակետը»:

Մի առիթով նշել եմ, որ եթե Ռուսաստանը կորցնում է Ադրբեջանի վրա թեկուզ թուլացած ազդեցությունը, նա կորցնում է Կովկասը՝ անգամ եթե պահպանի ազդեցությունը Հայաստանի վրա: Կովկասում Ռուսաստանի ազդեցության երկու ռազմավարական հենակետերը Վրաստանն ու Ադրբեջանն են:

Այսօր արևմտյան ջանքերն ուղղված են այդ երկու հենակետերը «փակելուն»: Բնականաբար, Ռուսաստանն ամեն գնով ձգտելու է պահել դրանք: Մենք մեր որոշումները կայացնելիս պետք է հաշվի առնենք այդ իրողությունները՝ անկախ նրանից, թե ինչպիսին են մեր անձնական համակրություններն ու ցանկությունները, որովհետև գերտերությունները միայն ծիծաղում են այդ կատեգորիաների վրա»: