Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Շատ է խոսվում այն մասին, որ նոյեմբերի 9-ի հայտարարություն այլևս չկա:
Գործնականում, սակայն, այդ հայտարարության «մահվան» մասին խոսակցությունները, հնարավոր է, չափազանցություն են:
Այլ հարց է, որ կարող է՝ դրա կյանքն անցած լինել «ընդհատակ», և սա ամենավտանգավորն է: Վտանգավոր այն առումով, որ «ընդհատակյա կյանքի» ընթացքը մոտենում է 9-րդ կետին:
Մեզնում այդ կետը հանրայնորեն մատուցվել է «միջանցք-չմիջանցք» տրամաբանության ներքո, մինչդեռ գործնականում հենց այդ կետն է աշխարհաքաղաքական մեծ խաղի առանցքային կետը: Դրա շուրջ գործնական «աշխատանք» մեկնարկելու է այն բանից հետո, երբ որևէ տրամաբանության շուրջ կայուն համաձայնության կգան Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան: Հետո կընտրեն այդ համաձայնությունն իրագործելու մեխանիզմը:
Ինչ կլինի հետո՞: Մի հարցրեք․ նայեք, թե ինչ է լինում հիմա: Կլինի նույնը․ այդ առումով մեր ռեակցիաները վաղուց են հաշված:
Այստեղ մեծ է մի քանի հերոսական միտք և կոչ գրելու գայթակղությունը, բայց հերոսները նրանք են, ովքեր կյանք են վտանգում՝ իրենց կյանքը»: