Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Երբ 2021թ․ խորհրդարանի ընտրությունից հետո ստացված պատկերը դիտարկեցի քայլ առաջ, մի շարք հարգարժան մարդիկ տարակուսել էին այդ գնահատականից, թե ինչպե՞ս քայլ առաջ, եթե, օրինակ, «նախկիններն» են վերադառնում խորհրդարան:
Տարբեր առիթներով պարզաբանել եմ, որ իրավիճակը քայլ առաջ է, որովհետև մոտեցել է մեր հասարակական-քաղաքական կյանքում առկա իրողությունների՝ «գետնի վրա եղած» պատկերին, ուժերի հարաբերակցությանը: Իսկ, իրականության հետ որևէ առերեսում, իրականության որևէ ճանաչում՝ քայլ առաջ է: Իրականությունն արձանագրելու և ճանաչելու, դրա հետ առերեսվելու շնորհիվ է միայն, որ կարող ես ունենալ այն փոխելու, արդիականացնելու գործնական հնարավորության նախադրյալ․ իհարկե, անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախադրյալ:
Այդ իմաստով նաև, 2021թ․ արտահերթ ընտրության հաջորդ օրն իսկ կարծիք եմ հայտնել, որ անմիջապես սկսելու է հենց այդ պատկերի վերաձևման գործընթացը, որովհետև դա մի պատկեր է, որը ստացվել է շատ կոնկրետ իրավիճակային գործոնների ազդեցությամբ, բայց այդ գործոնները ծավալվելու, զարգանալու և տրանսֆորմացվելու են, ու, ըստ այդմ, փոխվելու է նաև այդ պատկերը:
Երևանի ավագանու ընտրությանը մենք տեսնում ենք այդ պրոցեսի միջանկյալ մի հանգրվան, որը ևս քայլ առաջ է, որովհետև իրականության արտացոլումն է: Այդ քայլերը, անկախ թվաբանական արդյունքից, կարևոր են իրավիճակը փոխելու եզրահանգումներ անելու տեսանկյունից: Ով ինչ արդյունավետություն կունենա այդ եզրահանգումների և հետագա աշխատանքի առումով, ըստ այդմ էլ կընթանա հասարակական-քաղաքական տրանսֆորմացիան՝ օգտակարության կամ ճգնաժամի ճանապարհով»: