Տեսակետ

Հայաստանը կրկին պայքարում է երկու ճակատով. Հայկ Կոնջորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ուղիղ 1 տարի առաջ` այս օրը, Ադրբեջանը ռազմական ագրեսիա սանձազերծեց Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ: 
Այդ օրերին Հայաստանի մի շարք համայնքներում նախընտրական քարոզարշավ էր: Ադրբեջանական հարձակումից անմիջապես հետո, հայաստանյան հայտնի շրջանակները, առանց մեկ վայրկյան հապաղելու, ձեռնարկեցին ներքաղաքական լարվածության և ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված հերթական դավադիր հարձակումները: Հայաստանը պայքարում էր երկու ճակատով: 

Այս օրերին, Ադրբեջանը ՀՀ սահմանների երկայնքով կրկին կենտրոնացնում է մեծ ծավալի ռազմական տեխնիկա` շարունակելով իր ագրեսիվ հռետորաբանությունը: Այս օրերին Երևանում կրկին նախընտրական քարոզարշավ է: Այս օրերին, ներհայաստանյան մի շարք ուժեր, կրկին հարձակում են գործում ՀՀ ինքնիշխանության դեմ` սպառնալով Երևանը վերցնել` ընդհուպ արյամբ:

Հայաստանը կրկին պայքարում է երկու ճակատով: Արտաքին և ներքին այս սպառնալիքների նպատակը` կաթվածահար անել Հայաստանի պետական կյանքը, ներքին կայունությունը,   ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը:

Իսկ ո՞րը պետք է լինի մեր արձագանքը այս իրավիճակին, սիրելի´ հայրենակիցներ, սիրելի´ երևանցիներ: 
Ամեն կերպ ամրապնդե´լ մեր ինքնիշխանությունը և պետականությունը, արձանագրե´լ ժողովրդավարական հաղթանակ Երևանում: 
Ամրանալ դրսում և ներսում:
Ամրանալ ներսում և դրսում:
Սա է ճանապարհը ազատության, ինքնիշխանության, պետականության հաղթանակի»: