ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քանի որ որոշ լրատվամիջոցներ և «փաստերի ստուգման» հարթակներ իրար հերթ չտալով ինչ-որ էջերի հրապարակումներ են անում, որոնք ըստ իրենց սատարում են մեզ և վատ լույս տակ ներկայացնում մրցակիցներին, ստիպված ենք արձագանքել և ձեզ ներկայացնել տվյալ կազմակերպությունների «հատվածական կուրությունը»։
Կուրությունն այդ միանշանակ միտումնավոր է, քանի որ նշված լրատվականների լրագրողներն ու տարբեր աշխատակիցներ քարոզարշավի մեկնարկից ի վեր ու դրանից էլ առաջ բացահայտ հայտարարել են իրենց քաղաքական նախընտրությունների մասին։
Հիմա ընդամենը մի քանի նկարով ցույց տանք, թե քանի հարյուր հազարավոր դոլարի գովազդներ են դրվում ֆեյսբուքյան տարբեր էջերով, որոնք գովազդում են մեր հակառակորդներին և վատաբանում մեզ։
Ասեմ, որ այս տվյալները հավաքելու համար մեր մոնիթորինգի թիմը ծախսել է գումարային 20 րոպե, առավել մեծածավալ ուսումնասիրություն կհրապարակենք առաջիկայում։ Բայց միայն այսքանից էլ պարզ է, որ եթե տվյալ կազմակերպությունները ուզենային համակողմանի լուսաբանել ֆեյսբուքում տեղի ունեցող քարոզչությունն ու հակաքարոզչությունը, ակնհայտորեն կտեսնեին նաև այդ էջերը։
Այնուամենայնիվ կոչ եմ անում «Փաստերի ստուգման հարթակին», Սիվիլնեթ լրատվականին և նրանց կողմից պատրաստված նյութերը արտատպած այլ լրատվականներին այս թեմայով ևս պատրաստել համապատասխան հոդվածներ, դե կամ առնվազն ՔՊ-ին վատաբանող և ակնհայտ միակողմանի իրենց հոդվածների վերնագրին կից գրել՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ», կարող են գրել նաև այն ուժի անունը, որի օգտին անում են այդ քարոզչությունը։
Հ.Գ. Հատուկ ուշադրության են արժանի ՔՊ-ին և «Հանրապետություն» կուսակցությունը թիրախավորող էջերից մեկի կիսումները։
Հ.Հ.Գ. Հարգելի քաղաքացիներ, ակնհայտ է, որ այս ընտրություններում մենք բախվել ենք չլսված ու չտեսնված մի ինֆորմացիոն գրոհի, երբ մի կողմից սերժաքոչարյանական, իսկ մյուս կողմից էլ որոշ այլ «նոր» ուժեր ու դրանց սատարող լրատվամիջոցներ իրենց ողջ ներուժը դրել են ՔՊ-ին սևացնելու գործին։ Բայց ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ նրանց դա չի հաջողելու։ Իսկ նշածս հարթակները եթե բարեխիղճ են իրենց ընթերցողների առաջ, ապա միայն բերածս փոքրաթիվ և ամբողջականի մի քանի տոկոսը կազմող այս նկարների վրա կարող են հետաքննություններ իրականացնել և հոդվածներ հրապարևակել։
ԵՎ մի վերջին հետգրություն՝ ՔՊ-ին թիրախավորող որոշ գովազդների նկարներ չեմ տեղադրում, դրանցում առկա պատկերների և գրությունների անպարկեշտության աստիճանի համար։
... Մի հետաքրքիր փաստ էլ, էջերի մեծ մասը տեսանյութերը տեղադրելուց ու գովազդ միացնելուց հետո դրանք հեռացնում են թայմլայնից ու ստանում մաքուր էջ, որը սակայն հարյուր հազարավոր դոլարների գովազդներ է տեղադրում պաշտպանելով կամ վատաբանելով մի թեկնածուի»։