Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ըստ ամենայնի, Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին «ստանիսլավսկիաբար» ասում է՝ не верю, թե նա իրապես պատրաստ է քայլ առ քայլ դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց, որի առաջին և նշանակալի քայլը դիտարկվում է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ ոչ թե հայտարարությունը, այլ թղթով դա ստորագրելը:
Փաշինյանը, սակայն, պատկերացնում է, որ Արևմուտքի համար բուն խնդիրը Հայաստանը ՌԴ ազդեցությունից հանելը չէ: Դա ընդհանրապես պետք էլ չէ, եթե լուծվի ՌԴ-ն Արցախից հանելու, այսինքն՝ Ադրբեջանի նկատմամբ ՌԴ ազդեցության այդ ելակետային լծակը չեզոքացնելու հարցը:
Այլ կերպ ասած՝ Արևմուտքին պետք է Ադրբեջանը հիմնովին հանել ռուսական ազդեցության գոտուց, որի շատ, թե քիչ ամուր թելը մնացել է Արցախը: Հայաստանն այդ խնդիրը լուծելու միջոցն է, որից հետո էական չէ՝ Ռուսաստանը կմնա՞ այստեղ, թե՞ ոչ:
Ավելին, կորցնելով թեկուզ նկատելիորեն թուլացած, բայց պահպանվող ազդեցությունն Ադրբեջանի հարցում, դրա հետևանքով կորցնելով հույսը նաև Վրաստանում հանդարտ, բայց վերականգնվելու հարցում, Հայաստանում «կղզիանալը» Ռուսաստանի համար կդառնա առավել մեծ ու բարդ խնդիր:
Փաշինյանն, ըստ ամենայնի, լավ է պատկերացնում, որ Արցախի հարցում բանավոր հայտարարություններից թղթին անցնելը կլինի իր վերջին ստորագրությունը, և հենց Արևմուտքն էլ նրան «կզոհաբերի» Ռուսաստանին:
Այդ հարցում նա փորձում է մանևրել՝ Ռուսաստանի հասցեին ավելի ու ավելի սուր հռետորաբանություն բանեցնելով, փորձելով դրանով փաստարկ ձեռք բերել «не верю» ասող Արևմուտքի հետ հարաբերությունում: Բայց շարունակելու են ասել «не верим» դիվանագիտական կուլիսներում և Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի տարբեր խմբերի միջոցով:
Որքան Փաշինյանը կոշտացնի հայտարարությունները Ռուսաստանի հասցեին, այնքան Արևմուտքը նրան ավելի սուր է ասելու՝ «не верю», որովհետև դա էլ Արևմուտքին է պետք․ իր ալիբին է:
Ռուսաստանն, իր հերթին, թերևս ավելի սուր է արձագանքելու, որովհետև այդ կերպ ավելի շատ կօգնի Փաշինյանին փաստարկի հարցում, ինչը բխում է իր շահից:
Բայց սա ռետին է, որն ունի ձգվելու բավականին սահմանափակ ռեսուրս»: