ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հանրային լողափերը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու վերաբերյալ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը առաջարկ եմ ներկայացրել։ Չնայած գործող օրենսդրական կարգավորումներին` հանգստի և ժամանցի վայրերը շարունակում են ֆիզիկապես անմատչելի մնալ։ Գործող կարգը, որով սահմանվում են լողափի բարեկարգման, կահավորման (սարքավորումների) և սպասարկման տեխնիկական բնութագիրը և այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն լողափերը, չի նախատեսում մատչելիության որևէ պայման։
«Սևան» ազգային պարկի տարածքում առանձնացված են 8 հանրային լողափեր, որոնցից միայն մեկ լողափն է մասամբ հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Կառավարության որոշմամբ նախատեսվում է ստեղծել ևս 4 հանրային լողափ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։
Շրջակա միջավայրի նախարարության հետ քննարկել ենք «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հանրային լողափերի բարեկարգման, կահավորման և սպասարկման կարգում փոփոխություն կատարելու, մասնավորապես, հանրային լողափերի չափանիշներում մատչելի սանհանգույցներին, հանդերձարաններին, դեպի լիճ տանող ճանապարհներին, ինչպես նաև անհրաժեշտ այլ պայմաններին (օրինակ՝ հատուկ լողափի համար նախատեսված սայլակ) վերաբերող չափանիշները պարտադիր դարձնելու հարցը»: