Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ֆրանսիական «Տոտալը»՝ այդ երկրի էներգետիկ հսկան և աշխարհաքաղաքականության կարևորագույն շահառուներից մեկը, Ադրբեջանում իրականացնում է բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրեր:
Օրերս, «Տոտալի» (2021 թվականից՝ «Տոտալ Էներջի») ղեկավարը Բաքվում հերթական ծրագրերն էր քննարկում Ալիևի հետ:
Վա՞տ բան է անում ֆրանսիական հսկան: Մեզ համար, իհարկե, վատ է Ադրբեջանի հետ այդպիսի ցանկացած գործակցություն: Բայց, լայն իմաստով, ֆրանսիական հսկան անում է ընդամենը այն, ինչ արել, անում, անելու են բրիտանական, ռուսական, ամերիկյան և բոլոր մնացյալ հսկաները: Անում են, որովհետև հսկա են, և անում են, որպեսզի մնան հսկա: «Տոտալը» նավթարդյունաբերության ոլորտում չորորդն է աշխարհում:
Պարզապես, երբ որևէ մեկը փորձում է քննել ֆրանսիական մարդասիրական գործողությունների հնարավոր քաղաքական տողատակերն ու շերտերը՝ առանց ավելորդ հիացմունքի և բացականչությունների, մինչ այդ մարդկանց «հավատաքննության» ենթարկելը պարզապես համեմատեք Կոռնիձորում կանգնած ֆրանսիական բեռնատարների ծավալը գրեթե նույն օրերին «Տոտալի» նախագահի՝ Բաքվում քննարկած ներդրումային ծրագրերի հետ:
Համեմատել պետք է ոչ թե Ֆրանսիայից նեղանալու համար, այլ՝ հետո Ֆրանսիայից չնեղանալու համար: Որովհետև մեր պարզունակության պատասխանատուն կարող ենք լինել միայն մենք՝ «թզուկի» աշխարհայացքով ու մտահորիզոնով մի ամբողջ հանրային օրգանիզմ ընդամենը դրոշներ թափահարողի կամ այրողի վերածող մեր տնտեսական և քաղաքական «հսկաները»:
Ի դեպ, հիշարժան է, որ 2014 թվականի հոկտեմբերին Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում՝ թռիչքի ժամանակ, թռիչքուղու վրա բախվելով սպասարկող մեքենաներից մեկին՝ վթարվեց «Տոտալի» նախագահի օդանավը, նախագահը զոհվեց: Քննությունը «պարզեց», որ սպասարկող մեքենայի վարորդը եղել է ոչ սթափ: Անսթափ աշխատակիցը, իհարկե, ռուսական իրականության համար թերևս օրինաչափ երևույթ , բայց... ո՞վ գիտե»: