Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023

Երևան 20 ℃

Рус Eng

Կովկասում աշխուժանալով՝ Ֆրանսիան փորձում է «փոխհատուցել» Աֆրիկայում ստացած խնդիրները. Հակոբ Բադալյան

Սոցցանցեր

30 Օգոստոսի, 12:44

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Չգիտես՝ ծիծաղել, թե լաց լինել, երբ, օրինակ, կարդում ես, թե՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետը, իր քաղաքի հոգսերը թողած, ժամանում է Հայաստան, որ օգնություն հասցնի Արցախին:

Հարգելիներս, Ֆրանսիայի քաղաքապետը Հայաստան է ժամանում, Կոռնիձոր է մեկնում Ֆրանսիայի հոգսից ելնելով: Ֆրանսիան լուրջ խնդրի առաջ է կանգնել Աֆրիկայում՝ իր ազդեցության և աշխարհաքաղաքական զորության առանցքային ռեգիոններից մեկում: Ընդ որում, դա նոր չէ, բայց Նիգերում Ֆրանսիայի խնդիրները ստացան նոր որակ, քանի որ, ըստ էության, փակվում է Ֆրանսիայի համար կարևորագույն ռեսուրսի՝ ուրանի մեծ աղբյուրը: Դա իր հետ բերում է թե տնտեսական, թե քաղաքական մեծ մարտահրավերներ:
Կովկասում աշխուժանալով՝ Ֆրանսիան փորձում է «փոխհատուցել» Աֆրիկայում ստացած խնդիրները: Հատկապես, որ Ֆրանսիան հիանալի տեղյակ է որոշակիորեն սկսած ամերիկա-ռուսական շփումների մասին, որ տարբեր աստիճանի դիվանագետների մակարդակում տեղի են ունենում նաև եվրոպական քաղաքներում:

Ֆրանսիայի արտգործնախարարը նշում է. «Այսպիսով, մենք մոբիլիզացվելու ենք, որպեսզի պայմաններ ստեղծենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման համար, ինչը թույլ կտա սահմանազատել երկու երկրների սահմանները և հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապրել այնտեղ՝ հարգելով նրանց իրավունքները, մշակույթը և պատմությունը»: 

Ֆրանսիան «մոբիլիզացվում» է, նշանակում է՝ ներգրավվում են քաղաքական բոլոր ռեսուրսները, անկախ կուսակցական պատկանելությունից: Ի դեպ, ըստ էության, դա այն է, ինչի մասին՝ Հայաստանի առումով, ինքս խոսում եմ արդեն տևական ժամանակ, որ այս իրավիճակը Հայաստանից էլ պահանջում է դիվանագիտական ներուժի մոբիլիզացիա՝ անկախ քաղաքական հայացքներից ու համակրանքներից: Բայց թողնենք սա, վերադառնանք Ֆրանսիային:

Ֆրանսիան «մոբիլիզացվում» է ոչ թե Հայաստանի կամ Արցախի, այլ Ֆրանսիայի համար՝ առնվազն հետևյալ տրամաբանությամբ․ խնդիր խնդրի դիմաց – դուք ինձ համար խնդիր եք ստեղծում Աֆրիկայում, ես բոլորիդ համար խնդիր կստեղծեմ Կովկասում:

Սա, իհարկե, փոքր–ինչ պարզունակ նկարագրություն է, բայց սա է տրամաբանությունը: Այստեղ մենք, բնականանար, ունենք հնարավորություն, բայց նաեւ՝ ռիսկեր
ԵՎ ՍԱ ՆՈՐՄԱԼ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՄ Է ԻՐ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ: 

Նորմալ չէ, երբ այդ ամենն ընկալում ենք իբրև նվեր՝ փոխանակ փորձելու հասկանալ այդ ամենի քաղաքական մոտիվները, հասկանալ նաև, թե որն է լինելու մեր անելիքը, որքանն է լինելու, մինչև որտե՞ղ է լինելու Ֆրանսիայի շահերի հետ մեր շահերի համադրվածությունը, և որտեղից է, որ դրանք կարող են լինել տարբեր:

Բայց եթե իքս հատվածից դրանք լինելու են տարբեր, դա ամենեւին չի նշանակում, որ այդ հատվածից մենք պետք է դադարենք սերտ աշխատել Ֆրանսիայի հետ: Պարզապես, դա հասկանալով և «սահմանազատելով» է, որ մենք պետք է հասկանանք, թե այդ կետից ինչպես շարունակենք Ֆրանսիայի հետ, որպեսզի թե մեր շահերը չտուժեն, որ որևէ կերպ չնվազի ու չտուժի հայ-ֆրանսիական գործակցության դինամիկան: 

Որովհետև մենք չենք տնօրինում այս ռեգիոնում որևէ մեկի, այդ թվում՝ Ֆրանսիայի աշխուժությունը, բայց պետք է տնօրինենք որևէ մեկի վարքագծից բխող՝ մեզ համար ռիսկերի ու հնարավորությունների հարաբերակցությունը դիտարկելու գործը:

Իհարկե, սրանք բարդ խնդիրներ են, որոնց քննարկումը, ախտորոշումը, լուծումները պետք է լինեն պետական և այլ ուղեղային կենտրոնների, ինստիտուտների գործունեության առարկան, այլ ոչ՝ ֆեյսբուքյան օգտատերերի: 

Բայց մեր «հավերժական» ինստիտուցիոնալ խնդիրն այն է, որ այդ ինստիտուտներն են «օգտատիրային» նշաձողերի վրա, այլ ոչ՝ հակառակը: Բայց սա արդեն այլ պատմություն է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը