Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաողբերգական դրվագն Ադրբեջանի համար Լաչինի միջանցքի բացումն էր: Սա արդեն ես չեմ ասում, Իլհամ Ալիևի խոստովանությունն է: «Որովհետև աշխարհագրական կապ էր ստեղծվել Հայաստանի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միջև»՝ մեկնաբանել է Ալիևը:
Հասկացա՞ք, թե ինչու էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1993թ. հունիսի 14-ին պայմանագիր ստորագրում ԼՂՀ հետ՝ երաշխավորելով, որ Լաչինի շրջանը երբեք չի վերադարձվի Ադրբեջանին: Կարելի՞ է կռահել, թե ինչու ԼՂՀ-ն բանակցունակ չգտնվեց, չհարգեց Հայաստանի նախագահին տված՝ ռազմական գործողությունները չծավալելու, իսկ ընդդիմացողների խնդիրն ինքնուրույն լուծելու խոստումը:
Կարելի՞ է հասկանալ, թե ինչու 1998թ. փետրվարի 3-ին Հայաստանում տեղի ունեցավ իշխանազավթում: Ի վերջո, կարելի՞ է ենթադրել, թե ինչու քառասունչորսօրյա պատերազմից հետո Հաայստանի ինստիտուցիոնալ ընդդիմության և արցախյան նրանց ստորաբաժանումների համար թիվ մեկ խնդիրը ոչ թե Լաչինի միջանցքի՝ զինադադարի համաձայնագրով սահմանված պարամետրերի և իրավական ռեժիմի պահպանումն էր, այլ՝ Հադրութի դեօկուպացիան կամ վերադարձը Շուշի:
Հադրութի դեօկուպացիայի և Շուշի վերադարձի ճանապարհն անցնում է Լաչինի միջանցքով, որ Արցախի հայկական գոյության միակ երաշխիքն է: Պատերազմը չի փակել ԼՂ կարգավիճակի հարցը, կփակի Լաչինի միջանցքը, եթե մեզ չհաջողվի միջազգայնորեն վերահաստատել նրա՝ որպես Հայաստանի և Արցախի միջև աշխարհագրական կապի կարգավիճակը: Մի՞թե մենք իրոք այսքան կոլաբորանտ ենք»: