«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Շուտով մեկնարկում են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասնակցության հայտ են ներկայացրել 14 քաղաքական ուժեր: Ամենայն հարգանքով եմ վերաբերվում բոլորին:
Սակայն Երևանի քաղաքապետի թեկնածուների աստղաբույլը իր մասնակցությամբ զարդարում է տաղանդավոր ծաղրածու, սակայն ձախողված և սեփական քաղաքական թիմից անդավերադարձ վտարված, հանրությանը սևերի ու սպիտակների բաժանած նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը փորձում է անհույս ճիգեր գործադրել, որպեսզի կրկին վերադառնա իր էությունից և ունակություններից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող և իրեն բացարձակապես չհամապատասխանող քաղաքապետի պաշտոնին:
Ես հումորով և բավականին հարգանքով եմ վերաբերում այն բոլոր շնորհալի դերասաններին, որոնք կարողանում են իրենց մոնոներկայացումներում նմանակել հասարակության մեջ մեծ ճանաչում ունեցող անձանց, այդ թվում և քաղաքական գործիչներին, որպես վառ օրինակ՝ Հովհաննես Դավթյանը:
Վերջին օրերին համացանցում լայն տարածում է ստացել Հայկ Մարությանի «Քաղաքապետ» մոնոներկայացումը, որում ամենայն գռեհկությամբ, անճաշակությամբ, լկտիությամբ ու ցինիզմով այդ նախկին երիտասարադը անհաջող փորձ է անում ծաղրել ինձ ու Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կնոջս, ինչը կարծում եմ դատարկ ինքնահաստատման անհաջող փորձ է: Թերևս կհանդուրժեի այդ տափակությունը, եթե վերջինս քաղաքապետի պաշտոնապես գրանցված թեկնածուների շարքում չլիներ: Դա արդեն չթույլատրված նախընտրական հակաքարոզչություն է, որը հատում է էթիկայի և բարոյականության բոլոր սահմանները:
Ելնելով վերոգրյալից, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունն եմ հրավիրում և խնդրում ձեռնարկել համարժեք միջոցներ նախընտրական քարոզարշավի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումները վերացնելու ուղղությամբ»: