Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Սա ի՞նչ անտերություն է, որերորդ անգամն է՝ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է առաջին պատերազմում «անհայտ կորած 4000 ադրբեջանցիների ճակատագիրը պարզելուց հրաժարվելու» մեջ: Այս երկրում պատկան մարմին չկա՞՝ փակի դրանց բերանը: Արցախի ԱԱԾ-ն տեղյակ չէ՞, որ առաջին պատերազմի, դրան հաջորդած մի քանի տարիներին գերիների և անհայտ կորած անձանց հարցերով հանձնաժողով է գործել, Ադրբեջանը և ԼՂՀ-ն են ուղղակի համագործակցությամբ զբաղվել այդ հարցերով: Չգիտեն՝ թող Ալբերտ Ոսկանյանին լիազորեն՝ համապատասխան մեկնաբանություններ անի, ինքն է ԼՂՀ ԱԱԾ կողմից Ադրբեջանի ԱԱ նախարարության հետ աշխատել:
Որքան գիտեմ՝ Նամիկ Աբասովը դեռ չի մեռել՝ Բաքվում էլ թող նրան հրավիրեն, բացատրություն տա՝ ինչ և ինչպես է քննարկել ԼՂՀ գործընկերների հետ: Բաքուն ինքն է բացառիկ առիթ ընձեռում, որպեսզի Ստեփանակերտը հրապարակի հրադադարի մասին 1994թ. մայիսի 12-ի համաձայնագիրը, դրան հաջորդած Ադրբեջան-ԼՂՀ բոլոր համաձայնությունները, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ստորագրել է ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ:
Ո՞վ պիտի հարցնի՝ Ադրբեջանը շուրջ երեսուն տարի ինչո՞ւ երբեք չի փորձել պարզել իր «անհայտ կորածների» ճակատագիրը և հիմա է միայն հիշում նրանց մասին՝ մեկ: Երկրորդ, առաջին պատերազմի ընթացքում մի քանի անգամ Ադրբեջանի և ԼՂՀ միջև ձեռք է բերվել հումանիտար հրադադարի համաձայնություն: Այդ ընթացքում Բաքուն ինչո՞ւ «սանիտարական» որոնումներ չի իրականացրել, մարտական գործողությունների վայրերից չի տարհանել իր սպանված զինծառայողների մարմինները: Երրորդ, ԼՂՀ ՊԲ պա՞րտքն էր հավաքել, հողին հանձնել ադրբեջանցի զինվորականների մարմինները և դեռ թաղման վայրերն էլ քարտեզագրեր:
Ի վերջո՝ հարցեր ունե՞ք՝ դիմեք միջազգայնորեն և ձեր իսկ ստորագրությամբ պատերազմող կողմ ճանաչված պաշտոնական Ստեփանակերտին: Սա ե՞ս պիտի ասեմ, թե Արցախի պատկան մարմինները, քաղաքական դասը, Արցախի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը: Ամեն օր Բաքուն մի խարդավանք է հյուսում: Վաղն ասելու են՝ անհայտ կորած անձանց ճակատագիրը նույնպես մարդասիրական խնդիր է և մինչև դա չկարգավորվի՝ ոչ մի ճանապարհ էլ չի բացվելու: Դեռ չե՞ք հասկացել, թե ինչ բազմագլուխ հրեշի հետ գործ ունենք:
Հ.Գ. Ձեզ եմ դիմում, լրատվականներ Հայոց ի Հայաստան, ի Արցախ և ի Սփյուռս աշխարհի, իշխանությունների վրա թքած ունեք՝ հասկացանք, բայց խոսքը երկրի, Հայրենիքի հեղինակության մասին է, ինչո՞ւ համացանցը չեք պայթեցնում ստույգ տեղեկությամբ, որ Բաքվի կողմից նշվող 4000 «անհետ կորածների» կեսից ավելին սպանվել է Օմարի և Քելբաջարի համար Ադրբեջանում համազգային առաջնորդ հորջորջվող Հեյդար Ալիևի կողմից անձամբ մշակված «Ձմեռային մեծ հարձակում» ռազմագործողության տապալման ժամանկ, և ադրբեջանական բանակի մնացորդները Դաշքեսանի լեռնանցքով Գյանջա ճողոպրելիս ձյուների մեջ անթաղ են թողել իրենց սպանվածներին:Եվ եթե նրանց հարազատները պանանջ ունեն՝ թող շրջափակեն Իլհամ Ալիևի նստավայրը: Հայրն անպայման որդուն փոխանցած կլինի այդ աղետի փաստաթղթերը: Թող քաջություն ունենա՝ հրապարակի, տա իր ժողովրդի պատասխանը: Ի՞նչ են կպել Հայաստանին:
Հ.Հ.Գ. Եթե Ստեփանակերտում մտավախություն ունեն, որ 1993, 94-95 թվականների՝ Ադրբեջանի և ԼՂՀ միջև ստորագրված փաստաթղթերի հրապարակումը քաղաքական դիվիդենտներ է բերելու ՊԲ նախկին հրամանատարին և իրողությունները չեն հրապարակայնացնում այդ զգուշավորությունից դրդված, ուրեմն իսկապես աղետ է:
Հ.Հ.Հ.Գ. ՖԲ ընկերներիս, սոցիալական մեդիայի միջոցներին, պարկեշտ լրատվամիջոցներին խնդրում եմ տարածել այս գրառումը՝ հնարավորինս ներկայացնելով նաև ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, պարսկերեն լեզուներով: Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին խորհուրդ եմ տալիս կարդալ ադրբեջանցի ուսումնասիրող Մամեդ Վելիմամեդովի «Очерки по карабахской войне» գիրքը. Օմար-Քելբաջար ռազմագործողության տապալման և մարդկային ահռելի կորուստների մասին այնտեղ պատմված է փրկված զինծառայողների կենդանի վկայություններով»: