Տեսակետ

Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները՝ մարդկանց իրենց հայրենիքից վտարելու համար․ Էդմոն Մարուքյան

Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Լեռնային Ղարաբաղի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը մի կողմից թույլ չի տալիս Հայաստանից ուղարկվող հումանիտար ապրանքները, ալյուրը և այլ առաջնահերթ սննդամթերքը մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից էլ կրակում է խաղաղ գյուղացիների վրա՝ իրենց աճեցրած ցորենը չհավաքելու և հաց չթխելու համար։

Այս խնդրի հումանիտար մասը պարզապես Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքն է, և հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները՝ խաղաղ մարդկանց իրենց հայրենիքից վտարելու համար, որտեղ նրանք ապրել են դարեր շարունակ:

Միջազգային հանրությունը, կարծես թե, ուզում է ասել, որ ոչ ի վիճակի է համոզվել, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ կարող են դաշտից ցորեն հավաքել հաց թխելու համար, ոչ էլ ապահովել ալյուրի առաքումը, որը 3 շաբաթ է՝ կանգնած է Լաչինի միջանցքում, 120 հազար մարդկանց»,– գրել է նա։