Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Տարածված տեսանյութը նողկալի է․ հանցագործը պետք է ենթարկվի ամենախիստ պատժի: Այս առնչությամբ խոսելը պարզապես ավելորդ է:
Բայց, երևի, ավելորդ չէ խոսել մի երևույթի մասին՝ «ինքնախարազանում», երբ այդօրինակ նողկալի դեպքերը վերածվում են հասարակական «մազոխիզմի», երբ նույնիսկ շատերը սկսում են լավ զգալ իրենց իսկ այն գնահատականներից, թե՝ սա ենք մենք:
Ընդ որում, որպես կանոն, անձամբ իրենք իրենց դուրս են դնում այդ «մենք»-ից, և այդ շերտը կազմում են «փարիսեցի», «քաղքենի», «սնոբ» խմբեր: Ավելին, նողկալիությունները նրանց համար, կարծես թե, ենթագիտակցորեն «սպասված» առիթներ են՝ իրենց հոգեբանական «սեպարատիզմը» հիմնավորելու համար, հայ հանրության մեջ իրենց գոյությունը մատուցելով իբրեւ այդ հանրությանը մատուցվող մի մեծահոգի զոհաբերություն:
Այս երևույթին թերևս ավելի դիպուկ բնորոշում ու բացատրություն կտան մշակութաբանները, հոգեբանները, հասարակագետները:
Գործնականում, տեսանյութում տարածված նողկալիությունները՝ իրենց տարբեր դրսևորումներով, հաճախ ավելի ծայրահեղ, պատահում են բոլոր հասարակություններում էլ, այդ թվում նրանց, որոնք համարվում են արդիական քաղաքակրթության տիպական օրինակներ:
Սա մենք չենք, և մենք սա չենք:
Հետևաբար, դատապարտելով նողկալի հանցանքը, ավելի լավ է ամբողջ էներգիան ու միտքն ուղղել այդ երևույթների հանդեպ հանրային օրգանիզմի կանխարգելիչ-դիմադրողականության բարձրացման շուրջ խորհելուն, ոչ թե հանրային «ինքնախարազանման» արհեստական խթանմանը, թե՝ «սա ենք մենք»՝ իրականում ոչ այնքան ցավելով տեղի ունեցածից, այլ ընդամենը բավարարելով քաղքենիությունից կամ սնոբիզմից բխող սեփական ենթագիտակցական և հոգեբանական վաղեմի դիսկոմֆորտից սերող նեղությունը»: