Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Դեռ ամիսներ առաջ եմ մի քանի եթերներում խոսել Ռուսաստանի տակտիկական նահանջի՝ նշմարվող քաղաքականության մասին: Նաև գրել եմ հոդված-մեկնաբանություն այդ թեմայով:
Այն, ինչ այսօր հանրայնացվել է «լավրովյան առաջարկ» խորագրի ներքո, թերևս այդ տակտիկական նահանջի քաղաքականության տրամաբանության շրջանակում է:
Լավրովը գիտի՞, որ այդօրինակ առաջարկները որևէ կերպ չեն կարող լինել ընդունելի Երևանում ու Ստեփանակերտում: Իհարկե, գիտի, բոլորիցս լավ:
Գիտի՞, որ դրանք կարող են դառնալ հակառուսական տրամադրությունների թեժացման առիթ. իհարկե, գիտի:
Բայց այդ խնդիրը Ռուսաստանին ամենաքիչը հուզողներից է, որովհետև Ռուսաստանին ամենաշատը հենց դրա հետ կապված հարցերը լուծելու և կառավարելու կարողությունն է, որ պահում է Կովկասում:
Այլ, ավելի լուրջ քաղաքական, մասշտաբային հարցերում է, որ Մոսկվան էապես կորցրել է կենսունակությունն ու մրցունակությունը, հետևաբար, լուծում փնտրում է տակտիկական նահանջի մեջ:
Իսկ ո՞րն է մեխը: Հետևյալը՝ ահա, մենք առաջարկում ենք Արցախը «սկուտեղի վրա մատուցել» Ադրբեջանին, հրաժարվեք մեզանից և գնացեք որևէ տեղ, որտեղ ձեզ կառաջարկեն ավելին: Սա է խթանում Ռուսաստանը, իսկ մենք շարունակում ենք երևույթներին ու իրերին նայել միագիծ, սիմետրիկ տրամաբանությամբ:
Մի քիչ պարզունակացված եթե արտահայտվեմ, քանի որ եվրաատլանտյան բեվեռում դրված է Ռուսաստանին դուրս մղելու կամ էապես թուլացնելով պայմաններ պարտադրելու խնդիր, իսկ Մոսկվան լուրջ սղություն ունի այդ խնդրին արդյունավետ դիմակայելու հարցում, ըստ ամենայնի՝ դիտարկվում է մեկ այլ տարբերակ. տակտիկական նահանջի միջոցով, այսպես ասած, ժամանակից շուտ վակուում առաջացնելու, Արևմուտքին իր իսկ «փորած վակուումի մեջ» ներքաշելու տարբերակ, որի էֆեկտը լինելու է Ռուսաստանի «դեֆիցիտ» ստեղծելով՝ «պահանջարկ» առաջացնելը և միջնաժամկետ հեռանկարում խաղի տրամաբանության փոփոխության հասնելը:
Այլապես, ընթացիկ տրամաբանությամբ՝ Ռուսաստանի մրցունակության հեռանկարը խիստ մշուշոտ է, որն ամենալավը հասկանում են Կրեմլում, նույնիսկ՝ Հայաստանի յություբյան հերոսներից ավելի լավ:
Ընդհանուր առմամբ, սա բավական ռիսկային իրավիճակ է, որովհետև խաղը վերածվում է զրոյական խաղադրույքով իրավիճակի, երբ վերստին կարող է բոլորին ձեռնտու դառնա ռազմական լայնամասշտաբ բախումը»: