Տեսակետ

Դա կարող է թույլ տալ ճանապարհին գուցեև այլազգիների հնարավոր ներգրավում. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հոկբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Լոս Անջելեսի հայությունը մի քանի օր շարունակ իրականացնում է բողոքի ակցիաներ՝ կոնգրեսականների տների մոտ, նաև՝ Ֆրանսիայի և Չինաստանի հյուպատոսարանների առջև, Բրիտանիայի հյուպատոսի տան մոտ:

Անշուշտ, ողջունելի է, որ Կալիֆորնիայի մեր հայրենակիցները փորձում են աջակցել Արցախին, իրենց հնարավորության սահմանում անել Արցախի ապաշրջափակման խնդրի լուծմանն ուղղված քայլեր:

Օրերս այս մասին գրել էին նաև հոդված-մեկնաբանության տեսքով. իսկ նրանք հնարավորություն ունե՞ն կազմակերպել ավտոերթ Կալիֆորնիայից դեպի Կոլումբիայի ֆեդերալ օկրուգ՝ մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ և, ըստ էության, խմորվում, մշակվում, պլանավորվում և իրագործվում է ԱՄՆ քաղաքականությունը: Պարզապես խաղաղ ավտոերթ՝ առանց որևէ էքսցեսի, ճանապարհ փակելու և այլն, որի բովանդակային հիմքում կլինի խնդրի ոչ թե քաղաքական, այլ արժեհամակարգային, քաղաքակրթական, համամարդկային ասպեկտը, այն արժեքները, որոնց դրոշակակրությունը հենց ԱՄՆ կառավարությունն է տասնամյակներ շարունակ ստանձնել իր միջազգային քաղաքականության համատեքստում: Դա կարող է թույլ տալ ճանապարհին գուցեև այլազգիների հնարավոր ներգրավում, կամ, առնվազն, նրանց ուշադրության ավելացում:

Կա՞ այդպիսի հնարավորություն՝ հաշվի առնելով, որ դա պահանջելու է ժամանակ, ծախս, որովհետև անցնելու են հազարավոր կիլոմետրեր, հեռանալու են բնակության և աշխատանքի հիմնական վայրից, և այստեղ, անշուշտ, առաջանում են շատ օբյեկտիվ խնդիրներ: Բայց կարծում եմ՝ դա կարող է լինել շատ ավելի արդյունավետ և ազդեցիկ, քան տեղում ակցիաները, որոնք, կրկնեմ, ողջունելի և կարևոր են»: