Տեսակետ

ՀՅԴ-ն արտաքին քաղաքական գործառույթներ է պահանջում. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Արցախի սահմանադրությամբ՝ երկրի արտաքին քաղաքականության միանձնյա պատասխանատուն հանրապետության նախագահն է։ 
Մեկ անգամ, հայտնի և անհայտ շրջանակների ճնշման տակ կամ, գուցե, հենց սեփական նախաձեռնությամբ, նախագահն այդ ոլորտի վերահսկողությունը հրամանագրով վերապահել է պետական նախարար նշանակված Ռուբեն Վարդանյանին։ Թե ինչ արդյունք ենք ունեցել, չմանրամասնենք։ Հարկ է միայն արձանագրել, որ Լաչինի միջանցքը փակվել է հենց այդ շրջանում։ 

Այսօր արտաքին քաղաքական գործառույթներ են պահանջում խորհրդարանի նորանշանակ խոսնակի համար։ Ընդ որում, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի մակարդակով, որի ակնարկներից հասկացվում է, որ ԱԺ նախագահի պաշտոնին Դավիթ Իշխանյանի նշանակումը համաձայնեցվել է նրան վերսահմանադրական լիազորություններ վերապահելու նախապայմանով։ Ավելի պարզ ասած՝ ՀՅԴ բյուրոն հավակնում է Արցախի արտաքին քաղաքականության կուրացիայի։ 

Ի՞նչ կտա «համազգային զորաշարժը», որ Բյուրոն խոստանում է հանուն Արցախի, ինչպես ղարաբաղցին է ասում անորոշ հեռանկարի մասին, «չկտրած ձմերուկ է»։ Այդ զուտ ստեփանակերտյան-ՀՅԴ-բյուրոյական նոու-հաուն ինչպե՞ս կընդունեն «ներգրավված դերակատարները», չգիտենք։ 

Ստույգ է թշնամական կողմի գնահատականը։ «Իշխանյանի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ իրեդենտիստների առաջնորդները բնակչությանը նախապատրաստում են նոր պատերազմի»։

 Իսկ թե ասվածից ի՞նչ հետևություններ կարվեն Բաքվում, «Թուրանը» նույնիսկ չի ակնարկում։ Հո մեզ նման բացբերան չէ՞, որ իր երկրի հավանական քայլերի մասին ապրիորի մեզ տեղյակ պահի»։