Տեսակետ

Թբիլիսիի՝ 2024 թվականի հետ կապվող հույսը թերևս Չինաստանն է. Բադալյան

Թբիլիսիի՝ 2024 թվականի հետ կապվող հույսը թերևս Չինաստանն է. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում հայտարարվել է Պեկին-Թբիլիսի ռազմավարական գործակցության մասին: 2024թ․ պառլամենտական ընտրությանն ընդառաջ Վրաստանի գործող իշխանությանը Չինաստանն անհրաժեշտ է արևմտյան ուժգնացող ճնշմանը դիմակայելու համար, հատկապես, երբ որոշակի տեղատվություն է Էրդողան-Պուտին հարաբերությունում:

Հատկանշական է, որ հենց Բաթումիում տեղի ունեցան բողոքի ակցիաներ Ռուսաստանից ժամանած զբոսանավի դեմ: Անկասկած է, որ Վրաստանի հանդեպ Թուրքիայի ազդեցության «ծանրության կենտրոնը» հենց Աջարիան է: 

Իհարկե, հնարավոր է՝ Պուտինն ու Էրդողանը օգոստոսին պայմանավորվեն: Ռուսաստանի համար առանցքային հարցը Շվեդիան է, իհարկե, որպեսզի Անկարան այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամությանը հավանություն տալու հարցում խոսքից չանցնի գործի: Մեծ հավանականությամբ հենց այդպես էլ կլինի: Բայց Ռուսաստանի համար կարևոր է նաև Վրաստանը: Դեռևս 44-օրյա պատերազմից հետո մի շարք անգամներ գրել եմ կարծիքս, որ նոր ստատուս-քվոյի պայմաններում ռեգիոնալ ազդեցության համար առանցքային դիմակայությունը լինելու է Վրաստանի ուղղությամբ: 

Ավելին, գուցե տարօրինակ հնչի, բայց հենց Արցախի պատերազմն էր, որ Վրաստանի իշխանությանը թույլ տվեց համեմատաբար հանգիստ հաղթել 2020-ի աշնանային խորհրդարանական ընտրությանը: Աշխարհաքաղաքական ուշադրության ահռելի մասը կենտրոնացած էր հայ-ադրբեջանական ուղղությամբ: 
Այժմ Թբիլիսիի՝ 2024 թվականի հետ կապվող հույսը թերևս Չինաստանն է: Հայաստանի համար առավել հավասարակշռված տարբերակը կլինի այն, որ Չինաստանն արդարացնի այդ հույսը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական