Տեսակետ

Հայ-ադրբեջանական բանակցություններում «կոտլետը ճանճերից բաժանելու» խիստ անհրաժեշտություն կա. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստան-Ադրբեջան պատերազմ չի եղել։ Նոյեմբերի 9-ի զինադադարի Համաձայնագրում հստակ ձեւակերպված է, որ կրակը և բոլոր ռազմական գործողությունները  «դադարում են ղարաբաղյան հակամարտության գոտում»։ Այդ փաստաթուղթը «Հայաստանի կապիտուլյացիա» է անվանում միայն Իլհամ Ալիևը, որին ունիսոն ձայնակցում է Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը։ Բայց դա չէ գլխավորը։

Եթե Հայաստանը և Ադրբեջանը ֆորմալ պատերազմի մեջ չեն գտնվել, ինչու՞ պիտի քննարկվող պայմանագիրը կոչվի «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»։ Հայաստանը նման քննարկումների մեջ մտել է իր սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի սպռանալիքի տա՞կ։ Ըստ երեւույթին՝ այո։ Այդ դեպքում ու՞ր մնաց միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի Խարտիան, որ անդամ երկրներին պարտավորեցնում է բոլոր վիճելի հարցերը կարգավորել խաղաղ-բանակցային ճանապարհով և բացառապես իրավա-քաղաքական, դիվանագիտական գործիքակազմով։ Վիճելի հարցեր ունեին նաև Ռուսաստանը և Ուկրաիան՝ կապված Դոնբասի ռուս կամ ռուսախոս բնակչության իրավունքների հետ։ Բանակցություններում չհասնելով ցանկալի արդյունքների՝ Ռուսաստանը դիմեց ուժի, և գրեթե ամբողջ աշխարհը դատապարտեց։

Այսօր Իլհամ Ալիևը ուժի կիրառման սպառնալիքով և Հայաստանի սուվերեն տարածքի մի մասի օկուպացիայով պարտադրում է, որ Երևանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս, այլև արցախահայությանը «ի տնօրինություն հանձնի» իրեն։ Եվ չի թաքցնում, որ դա «հաղթողի իրավունքն է»։ Ու՞մ է «հաղթել» Ադրբեջանը, որտե՞ղ և ինչպե՞ս է դա փաստաթղթավորված։ Հայաստանը, կարծում եմ, այս «փակ շրջանից» ելքի հնարավորություն դեռ ունի։ Այն է՝ ձևակերպել Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների հաստատման իր Հայեցակարգը և հրապարակել՝ հասցեագրելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպայի խորհրդի նախագահին, Եվրահանձնաժողովի նախագահին, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Թուրքիայի և Իրանի նախագահներին։

Հրամայական է վերանայել Ադրբեջանից «պայմանագրի նախագիծ» ստանալու և հանդիպակաց առաջարկություններ ներկայացնելու դիվանագիտական ոչ արդյունավետ պրակտիկան։ Բանակցությունների առարկան պետք է սահմանվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով՝ հիմք ընդունելով նախորդ չորս բանաձևերի իրավա-քաղաքական կոնստատացիաները։ Միայն այդ դեպքում է հնարավոր թոթափել Ադրբեջանից հարձակման ենթարկվելու բարդույթը, ձերբազատվել պետական վախվորածությունից և որպես հավասար սուբյեկտ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հայ-ադրբեջանական բանակցություններում «կոտլետը ճանճերից բաժանելու» խիստ անհրաժեշտություն կա»։