Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ստիպված եմ երկորդ անգամ հարցնել․ Ալիևի հուլիսի 21-ի ելույթը լսե՞լ եք։ Պարզ և աներկբա հայտարարեց, որ Հակարիի կամրջի հսկիչ-սահմանային անցակետի տեղադրումը միջազգային դերակատարների հետ համաձայնեցված է։ Ովքե՞ր են այդ դերակատարները՝ Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել։ Այս մայրաքաղաքներից Ալիևին հերքե՞լ են։ Ոչ։ Բա էլ ի՞նչ իմաստ ունի բախել նրանց դռները։ Չհասկացա՞ք։ Մարդն ասաց, որ անցակետի տեղադրումը մեսիջ է Հայաստանին։ Այսինքն՝ ինքը «մեծահոգաբար» Հակարիի կամուրջը ճանաչում է Հայաստան-Ադրբեջան սահման։
Այսինքն՝ ինչ ռեժիմ սահմանվի Ադրբեջան-Նախիջևան «միջանցքում»՝ նույնն էլ կգործի Լաչինում։ Բայդենը, Պուտինը և Մակրոնը ի՞նչ պիտի անեն։ Կամ, ավելի շուտ, ինչու՞ պիտի ինչ-որ բան անեն, եթե մեկին պետք է Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա հաղորդակցության հսկողություն, ԼՂ-ում իր խաղաղապահների մանդատի երկարաձգում, իսկ մյուսը դեմ է Չինաստանից Թուրքիա հաղորդակցությանը, ԼՂ-ում Ռուսաստանի ռազմական ներկայությանը, երրորդն էլ չի կողմնորոշվում՝ Եվրոպայի սուվերեն շահի՞ն հետամուտ լինի, թե՞ տեղավորվի ամերիկյան հովանոց-զսպաշապիկի տակ։ Սա խոր միջնադար չէ, երբ աշխարհի մի ծայրում պատերազմը մյուսին չէր խանգարում ամրանալու իր տուն-ամրոցում։ Երբ Մոսկվան ԱԹՍ-երի հարձակման է ենթարկվում, իսկ Օդեսան՝ տոփանվում, կղզի-Արցախում առանձին վերցրած հարց անհնար է կարգավորել»։