Տեսակետ

Հայաստանի ու Արցախի քաղաքական մտքի անպաշտպանության հարցում չկա մխիթարություն. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանյան ու արցախյան քաղաքական ու տնտեսական վերնախավերի նեղմտության վառ ցուցիչներից մեկն այն է, որ նրանք գործնականում բոլորն անխտիր տարիներ շարունակ զբաղվեցին ու առ այսօր էլ զբաղված են անձնական պաշտպանների «մեդիա-փորձագիտական» ինստիտուտներ, կամ նվազագույնը՝ «անհատ ձեռնարկատերեր» ստեղծելով: 

Ոչ թե գաղափարների, արժեքների, հայեցակարգերի, այլ անձնական պաշտպանական ինստիտուտներ, դրանց կենսագործունեության խողովակներ ապահովելով՝ կամ սեփական գրպանից, կամ արտաքին ֆինանսական հոսքերից:

Դա է հետաքրքրել բոլորին. նրանք ունեն ինձ բան ասողներ, ես էլ ունենամ իրենց բան ասողներ: Նստել, միմյանց հետ հաց են կիսել՝ անկասկած նաեւ հայրենիքի ու պետության մասին կենացներով, միմյանց հետ էլի ընդհանուր բաներ արել, իսկ «տներով ցրվելուց հետո» զանգել «ասողին» ու ասել, թե ինչ պետք է ասվի հաջորդ օրը: Այսպես է նաեւ հայկական մեդիա կոչվածը ապականվել, վերածվել ընդամենը բամբասանքներ պարունակող թռուցիկների:

Հետևանքը այն է, որ գործնականում թե  իրենք բոլորը մնացին անպաշտպան, թե անպաշտպան մնաց Հայաստանի ու Արցախի քաղաքական մտքի ու մշակույթի ներկան ու ապագան: Իրենց անպաշտպանության հարցում մխիթարվեցին նրանով, որ դիմացինն էլ անպաշտպան է՝ նա, ով իրենց դեմ ինչ որ բաներ է պատվիրում, նրա դեմ էլ պատվիրողներ կան:
Հայաստանի ու Արցախի քաղաքական մտքի անպաշտպանության հարցում չկա մխիթարություն»: