Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանը, կարծես, վերադառնում է պաշտպանության կազմակերպման «ֆիդայական ջոկատների» (հասկանալի է՝ ոչ բառի բուն իմաստով) բանաձևին: Այդ երևույթի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները շատ են, բայց երևույթն, ինքնին, խիստ անհամարժեք է ներկայումս աշխարհում կատարվողին:
Մենք տեսնում ենք պաշտպանական խնդիրների լուծման «հատվածական» նախաձեռնությունների բազմություն և անգամ տարերայնություն: Ընդ որում, այստեղ նկատեմ մի կարևոր «թյուրիմացություն» էլ․ երբ որևէ մեկը խոսում է այդ իրողության վտանգավորության մասին և կարևոր համարում, որ պաշտպանական ամբողջ քաղաքականությունը կառուցվի պետական ուղղահայացի բանաձևով, այդ խոսքը անմիջապես դիտարկվում է որպես առանձին նախաձեռնությունների թիրախավորում: Ու հնչում է հակադարձումը՝ «մարդիկ անում են իրենց միջոցներով, ինչու եք քննադատում»:
Անող մարդկանց, նրանց նախաձեռնողականությանը, նրանց նվիրումին որևէ մեկը բան չի ասում: Խոսվում է երևույթի մասին, որը հենց գործնականում վերադարձ է «ֆիդայական ջոկատայնության» բանաձևին:
Ավելին, այստեղ կա մեկ այլ հարց․ բոլոր առանձին նախաձեռնությունները տեղի են ունենում այդուհանդերձ տնտեսական, ֆինանսական ռեսուրսներ հայթայթելով, և շատ կարևոր է, որ լինի այդ ամենի ծախսի արդյունավետության բարձր ստանդարտացված գնահատման մեխանիզմ: Ի վերջո, այդ ամենը Հայաստանի ՀՆԱ ծախս է, հետևաբար դրա արդյունավետությունը Հայաստանի հարցն է՝ անկախ, թե ինչ դրամապանակից է տեղի ունենում:
Օրինակ, մեկը կարող է պայմանականորեն հավաքել 1 միլիոն միավոր, նախաձեռնել ինչ-որ պաշտպանական բան, բայց այդ 1 միլիոն միավորից ստանալ շատ ավելի քիչ էֆեկտ, քան հնարավոր է: Թվում է, թե հարց չկա՝ խնդիրը տվողինն ու հավաքողինն է: Բայց, միևնույն է, դա հանրային ռեսուրս է, եթե նույնիսկ կապ չունի պետական գանձարանի հետ, ու շատ կարևոր է, որ հանրային ռեսուրսը ծախսվի առավելագույնս արդյունավետ:
Ընդհանրապես, հնարավոր է ահռելի ծավալով գրել ու խոսել այն խնդիրների մասին, որ առկա են «հատվածական», «ֆիդայական ջոկատների» բանաձևի կամա, թե ակամա վերադարձի գործընթացում:
Կրկնեմ, միայն ողջունելի է ամեն անհատի կամ խմբի նվիրումը, նախաձեռնողականությունն ու նախանձախնդրությունը՝ պետական պաշտպանության գործին աջակցելու, դրան մի քար ավելացնելու հարցում: Բայց, եթե այդ ամենը չունի «գլխավոր հատակագիծ», ճարտարապետական նախագիծ, նախահաշիվ և այլն, պաշտպանական ոլորտում մեծ է այն պատկերը ստանալու վտանգը, որը ստացել ենք, օրինակ, Երևանի քաղաքաշինական ոլորտում»: