Տեսակետ

Ռուսաստանի հետ հակադրության տպավորությունը ավելի շուտ առերևույթ է այդպիսին. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ՆԱՏՕ-ի վեհաժողովին մեկնող Էրդողանը փաստացի ազդարարել է, որ Թուրքիան հավանություն չի տալու Շվեդիայի անդամությանը: Ակնառու էր, որ վեհաժողովից առաջ ԱՄՆ-ն մեծ ջանք գործադրեց Շվեդիայի անդամության հարցում Թուրքիայի հավանությունն ստանալու համար, ընդհուպ՝ նախագահ Բայդենի հետ հեռախոսազրույցը, բայց արդյունքը, կարծես, բավարար չէ:

Այս ֆոնին պետք է դիտարկել նաև «ազովական» գերեվարված հրամանատարներին Ուկրաինա վերադարձնելու՝ Էրդողանի քայլը, որով նա իր համար «բացում» էր Շվեդիայի անդամության հարցում մերժումը շարունակելու նոր տարածություն:

Այլ կերպ ասած՝ գործնականում Ռուսաստանի հետ հակադրության տպավորությունը ավելի շուտ առերևույթ է այդպիսին, իսկ տողատակում՝ Մոսկվայի համար շատ ավելի կարևոր է այն, որ Անկարան շարունակի խոչընդոտել Շվեդիայի անդամությանը:

Ռուսաստանն, իհարկե, իր դժգոհությունն է արտահայտել «ազովական» հրամանատարների վերադարձի առնչությամբ, բայց Մոսկվան էլ իր հերթին է փորձում «գին» բարձրացնել Էրդողան-Պուտին մակարդակի շփմանն ընդառաջ»: