Տեսակետ

Փաշինյանը հատուկ անդրադարձել է Ֆրանսիայի դիրքորոշումներին. ինչո՞վ է սա ուշագրավ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կառավարության հուլիսի 6-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի հատուկ անդրադարձ է արել Ֆրանսիայի դիրքորոշումներին և դրանց դեմ Ադրբեջանի քարոզչությանը, խոսելով, որ Հայաստանը պետք է շնորհակալություն հայտնի Ֆրանսիային իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշումների համար:

Ինչո՞վ է ուշագրավ այս անդրադարձը: Այն ուշագրավ է օրեր առաջ՝ վաշինգտոնյան ռաունդին զուգահեռ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի անունից՝ Ֆրանսիայի ՀՅԴ կառույցի խողովակով տարածված  հայտնի տեղեկության համապատկերում: Ինչպես նկատել էի այդ առնչությամբ գրառումով, առաջին հայացքից՝ Հայաստանի վարչապետին Մակրոնի «անունից» հասցվող հարվածը, թե ինքը հաճախ շատ ավելի կոշտ է Բաքվի հետ, քան Փաշինյանը, խորքային առումով իրականում աջակցություն էր Հայաստանին՝ վաշինգտոնյան բարդ բանակցությանը զուգահեռ: Իհարկե աջակցություն ոչ «մարդասիրական օգնության» տրամաբանությամբ, այլ առաջին հերթին Ֆրանսիայի շահի պաշտպանության:

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի անդրադարձը փաստացի հաստատում է գնահատականս, որ պետք է իրերին նայել հնարավորինս լայն, և խորքային առումով՝ Ֆրանսիայից տարածված  տեղեկությունը օժանդակ գործոն էր Հայաստանի համար»: