Տեսակետ

«Հայկական երազանքը 21-րդ դարում դարձել է ոչ թե ինչ որ բան ստեղծելը, այլ՝ ինչ որ մեկով փրկվելը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ապշելուն այն է, որ անգամ պրիգոժինյան «ակնթարթային ապստամբության» ակտից հետո, գտնվում են մարդիկ, որոնք Հայաստանի հանրությանը փորձում են համոզել՝ թե Պուտինը կործանվում է, նրա վերջն եկել է, փլուզվում է պուտինյան Ռուսաստանը, և այլն:

Մի կողմ թողնենք այն, թե այդ կործանումները և փլուզումները ընդհանրապես ինչ կատակլիզմներով կարող են սպառնալ Հայաստանին ու Արցախին: Սրանք հարցեր են, որոնք այդ մարդկանց և այդ «թեզերի» երկրպագուների հետ քննարկելը բացարձակապես անիմաստ է: Այնտեղ աշխպտում է մի «փիլիսոփայություն»՝ Պուտինը վերանա, Հայաստանը՝ փրկվի:

Երբ որևէ մեկը համարձակվում է կասկածել, թե Պուտինը կամ պուտինյան Ռուսաստանը փլուզվելու, կործանվելու կամ վերանալու է, նա անմիջապես հռչակվում է ռսաստրուկ, ռուսամետ, ռուսամոլ, գործակալ և այլն, և այլն, գիտեք: Կարծես թե մեզանից որևէ մեկի ուզել չուզելով է, որ Պուտինը պետք է մնա կամ վերանա:

Բայց հայ հանրությունը վարժեցվում է այդ մտածողությանը, այդ կենսափիլիսոփայությանը՝ մեր փրկությունը ոչ թե որևէ խնդրից, թշնամուց, մարտահրավերից ավելի խելոք լինելն է, այլ թշնամու վերանալը: Կգա մի «սպիտակ ձիով» աշխարհաքաղաքական ասպետ, կկտրի մեր թշնամիների գլուխներն ու կազատի մեզ:

Երբ հնչում է պարզ հարց, կամ պարզ կասկած՝ ընկերներ, իսկ եթե չգա՞, իսկ եթե օրինակ ոչինչ չպատահի Էրրդողանին, կամ՝ ոչինչ չպատահի Պուտինին ու Պուտինյան համակարգին, այդ դեպքում մենք ինչ որ բան ունե՞նք անելու: Մենք անելիք ունե՞նք, ապրելիք ունե՞նք, մենք ելք, ճանապարհ, լուծումներ ունե՞նք այդ դեպքում, թե՞ ծունկ պետք է ծեծենք, Պուտին ու պուտինյան Ռուսաստան հայհոյենք, դարձնենք դա աշխարհաքաղաքական իմաստնության և անկախական հերոսականության չափանիշ, և լայն փակված աչքերով նայենք դեպի հեռուն՝ որովհետև այդ ազատարար «ասպետը» կգա, չի կարող չգալ:

Պատասխան ուղիղ չկա, բայց անուղղակի պատասխանը երկրորդ տարբերակն է, որովհետև դա ամենադյուրին տարբերակն է, իսկ ով կասկածի, որ «սպիտակ ձիով» աշխարհաքաղաքական ազտարար ասպետը գալու է, նրան կոչնչացնենք, որովհետև խանգարում է հայկական երազանքին:

Ու այդպես, չգիտեմ երբվանից սկսած, բայց քայլ առ քայլ, հաստատուն ընթացքով, հայկական երազանքը 21-րդ դարում դարձել է ոչ թե ինչ որ բան ստեղծելը, այլ՝ ինչ որ մեկով փրկվելը:

Սրանք խորքային, հայեցակարգային խնդիրներ են, որոնք քննարկելու համար պետք է լինեն քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, ռազմական էլիտաներ: Դրանք որ լինեին, Հայաստանը հաստատապես չէր հասնի ներկայիս վիճակին:

Իսկ՝ կլինե՞ն, որ էապես վերափոխվի պետության ընթացքն ու հանրային կենսափիլիսոփայությունը: Գոնե առայժմ դա տեսանելի չէ»: