Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դուր գա մեզ, թե ոչ, բայց Կովկասի խաղաղության և պատերազմի հարցը այսօր և արդեն շատ երկար ժամանակ որոշվում է Անկարայում: Սրա պատճառները մի քանիսն են՝ ընկած աշխարհաքաղաքական գործոնների դաշտում:
Հայաստանը չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը, ըստ այդմ՝ չաշխատել Անկարայի հետ: Դա շատ բարդ, 2020-ի պատերազմից հետո զգալիորեն անպատիվ, մարտահրավերներով ու ռիսկերով լեցուն, բայց անհրաժեշտ աշխատանք է: Իհարկե, այդ աշխատանքը պետք է կարողանալ անել, և կարողանու՞մ է պաշտոնական Երևանը, թե՞ ոչ, սա քննարկման հարց է: Ընդ որում, շատ նորմալ է, որ քննարկման առարկա է: Այո, պետք է Թուրքիայի հետ շփումների հարցում Հայաստանում լինի ուժեղ և խիստ ընդդիմախոսություն, բայց շատ կարևոր է, որ դա լինի քաղաքական ընդդիմախոսություն: Քաղաքական ընդդիմախոսությունը բոլորովին չի բացառում զգայական տարրերի առկայությունը, առավել ևս, երբ դրանց առկայությունը ծանրակշիռ պատմական ու ներկայի հիմք ունի: Պարզապես, առանցքում պետք է լինի քաղաքականությունը, քանի որ հայ-թուրքական հաղորդակցության և հարաբերության խնդիրները մեզնից անկախ միջազգային հարաբերությունների անխուսափելի մաս են, հետևաբար, մենք այստեղ ունենք ընդամենը որպես սուբյեկտ ձևակերպվելու կարիք: Իսկ դրա համար շատ կարևոր է քաղաքական ընդդիմախոսության առկայությունը:
Բայց, կրկնեմ, պատերազմի և խաղաղության հարցը վաղուց վճռվում է Անկարայում, հետևաբար, հաղորդակցությունը անհրաժեշտություն է մեզ համար:
Մյուսը Վրաստանն է, և սա նորություն չէ: Ու ընդամենը օրեր առաջ Վրաստանը Թուրքիայի հետ ստորագրեց անվտանգության ոլորտում ռազմավարական գործակցությունը խորացնելու մտադրությունների հուշագիր:
Իհարկե, իրատեսական առումով խոսք չի կարող լինել Հայաստանի և Թուրքիայի միջև այդպիսի հուշագրի մասին, բայց գոնե հաղորդակցությունը նվազագույն միջոց է ռիսկերը կառավարելու համար:
Հատկապես, երբ կա դրանցից մեծագույնը՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության ու շահերի հաշվին Թուրքիային սիրաշահելու, Թուրքիայի հետ պայմանավորվելու՝ ռուսական քաղաքականության ավանդույթը:
Իհարկե, դրան էլ մենք աստիճանաբար պետք է ցուցաբերենք քաղաքական, այլ ոչ՝ զգայական վերաբերմունք: Եվ Թուրքիայի հետ ուղիղ խոսակցության կայուն միջավայր ձևավորելը Թուրքիայի հանդեպ ռուսական քաղաքականության նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի ձևավորման մի քայլ է, որը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստան-Ռուսաստան քաղաքական փոխհարաբերության լայն վերափոխման համատեքստում: Այդ վերափոխումը անխուսափելի է ու որևէ կապ չունի Ռուսաստանում իշխանության փոփոխության և Ուկրաինայի պատերազմի որևէ արդյունքի հետ:
Հայաստանում ավելի շատ արտահայտվում է Ռուսաստանի իշխանության տարբեր խմբերի մոտեցումների պայքարը, քան ԱՄՆ-Ռուսաստան պայքարը: Կան շատ խմբեր, որոնք բացարձակ շահագրգռված չեն Հայաստան-Ռուսաստան հարաբերության քաղաքական վերափոխման խնդրով ու այդ հարցում «ստատուս-քվոյի» փոփոխության հեռանկարով։ Թեև հին ստատուս-քվոն արդեն չկա, բայց պայքարը այն վերականգնելու համար է, և այդ պայքարում առանցքային խաղադրույք է կատարվում թուրքական գործոնի զգայական ասպեկտի վրա:
Սա հիմնավոր ասպեկտ է, սակայն խնդրահարույց է դառնում, երբ դա քաղաքականության հիմք է դառնում, ոչ թե՝ քաղաքականության մաս»: