Տեսակետ

Տեղի է ունեցել երկու հատկանշական հանգամանք, որոնք բավարար ուշադրության չեն արժանացել. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Նախօրեին, երբ Վաշինգտոնում մեկնարկում էր հայ-ադրբեջանական բանակցության նոր ռաունդը, հարցազրույցում նշեցի (հղումը էջիս է նախորդ գրառումով), որ այդ բանակցությունից ավելի հավանական եմ տեսնում լարվածության, քան խաղաղության աճ:

Ցավոք, ընդամենը ժամեր անց եղավ Բաքվի մահաբեր սադրանքը Արցախում:

Ինչու՞ եմ ավելի հավանական տեսնում լարվածության աճը: Տեղի է ունեցել երկու հատկանշական հանգամանք, որոնք բավարար ուշադրության չեն արժանացել հայաստանյան հանրային-քաղաքական դաշտում՝ ինչ-ինչ պատճառներով:

Այդպես էլ հպանցիկ մնաց պետքարտուղարության ներկայացուցչի ողջույնը՝ «համաներման» մասին Ալիևի ելույթի առնչությամբ: Ելույթ, որ հնչեց մայիսի 28-ին և որը ամբողջապես վերջնագիր ու շանտաժ էր Արցախի ու դրա ղեկավարության հասցեին. կընդունեք իմ պայմանները, կներեմ, չէ՞՝ ուրեմն պետք է հեռանաք: Ու այդ ելույթը արժանանում է «ողջույնի», ու հայ հանրությունն այդպես էլ չի գտնում հավաքական ուժ՝ ինչը զգալիորեն գտնում է ռուսների դեպքում և շատ լավ է անում, Վաշինգտոնին հարցնելու՝ «այդ ելույթի ի՞նչն եք ողջունել»:

Եվ երկրորդ հատկանշական հանգամանքը: Ռուսական մամուլում եղավ արտահոսք, որ Վաշինգտոնն ուզում է երրորդ երկրում կազմակերպել Արրցախի ու Բաքվի ներկայացուցիչների ոչ հրապարակային շփում, եվ սպառնում Արցախին, որ հրաժարվելու դեպքում Բաքուն կիրականացնի հակաահաբեկչական օպերացիա:

Եթե սխալվում եմ, ապա կխնդրեմ ներողություն, բայց կարծես թե Վաշինգտոնից չի եղել հերքում՝ Արցախին սպառնալու կապակցությամբ, չի հնչել հերքում, թե ոչ մի սպառնալիք էլ չի եղել Արցախում: Շատերը գուցե կասեն, որ՝ ինչու՞ պետք է պաշտոնաօես հերքվեր ռուսական մամուլի արտահոսքը: Այո, իհարկե, Վաշինգտոնն ինչու՞ պետք է հերքեր, եթե դա իրեն բացարձակապես պետք չէ: Այդ հերքումը պետք էր Հայաստանին, բայց Հայաստանում չգտնվեց նաև այդ հարցադրումը ուղղելու հանրային-քաղաքական ներուժ:

Ահա այդ երկու նշանային իրողությունները ինձ թույլ են տալիս տեսնել հավանականություն, որ վաշինգտոնյան բանակցությունը մեծ հավանականությամբ կբերի լարվածության, այլ ոչ թե խաղաղության:

Եվ երրորդ հանգամանքը, որի մասին գրառում էի արել օրեր առաջ՝ Բրիտանիայի և Բաքվի արտգործնախարարների հանդիպումից, և դրան հաջորդած թվիթերյան «սիրալիրություններից» հետո, ասելով, որ դա թերևս հուշում է, որ Վաշինգտոնից առաջ Բաքուն ստանում է որոշակի «լիցքեր» և մեզ սպասելու է շատ բարդ բանակցություն:

Սա նշանակու՞մ է, որ պետք չէ գնալ Վաշինգտոն, կամ պետք էր թողնել ու վերադառնալ: Ըստ իս՝ ոչ: Որովհետև չգնալը, ընդ որում ոչ միայն Վաշինգտոն, այլ ռեգիոնալ ազդեցության իմաստով առանցքային մայրաքաղաքներ, այդ թվում Մոսկվա, թերևս չի լուծում ոչ մի հարց: Որովհետև, եթե մենք ունակ չենք հարց լուծել գնալով, ապա չգնալով հաստատապես անկարող ենք լինելու լուծել որևէ խնդիր:

Հայաստանի համար առանցքայինը, ինչպես ասել եմ բազմիցս, բոլոր ուղղություններով պաշտոնական աշխատանքին «ուղեկցող» հանրային-քաղաքական լրջմիտ հարցադրումներն են, որ պետք է ուղղված լինեն այդ աշխատանքային մայրաքաղաքներին, կապված ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման միջազգային սկզբունքի պահպանության հարցում նրանց բոլորի պատասխանատվությանը:

Դրա փոխարեն, մեր հանրությունն արդեն մոտ երեք տարի զբաղված է բանակցային «լավ» և «վատ» հարթակներ «ընտրելով», կամ «ռուսամետ» ու «արևմտամետ» ընտրելով, ըստ այդ ճաշակների էլ «վերլուծելով» մեզ հետ և մեր շուրջ տեղի ունեցողը:

Չկան բանակցային լավ և վատ հարթակներ, կա այդ հարթակներում լավ և վատ աշխատանք կատարելու ունակ հասարակական-քաղաքական, պետական օրգանիզմ, կամ այն չկա:

Եվ այս ամենը պետք է կարողանանք նախ սկսել քննարկել հանգիստ, հանդարտ, միմյանց լսելու կարողությամբ, որովհետև, եթե մենք ի վիճակի չենք լսել միմյանց՝ իհարկե խոսքը միմյանց ռացիոնալ խոսակցություն լսելու մասին է, այլ ոչ թե էպատաժային բացականչություններ կամ ռազմա-հայրենասիրական «միֆեր» լսելու մասին, ապա մեղմ ասած մոլորություն է կարծել, թե որևէ մեկը դրսում բառի լայն իմաստով լսելու է մեզ»: