Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Որևէ մեկի հոգեհանգստին մասնակցել-չմասնակցելը բնորոշում է տվյալ անձին կամ անձանց, ընդ որում՝ նաև կախված հանգամանքներից: Բայց, որևէ անձի կամ անձանց առավել բնորոշում է այդ մասնակցել-չմասնակցելը դիմացինի դեմ քաղաքականապես խաղարկելը, ինչն այլ բան չէ, քան հանգուցյալի հիշատակը դարձնել քաղտեխնոլոգիայի առարկա:
Իսկ Հայաստանի խորհրդարանն այլ բանով, քան «հերթական ռազբորկան», հազիվ թե աչքի ընկնի երբևէ: Բայց այստեղ բուն խնդիրն այն է, թե, օրինակ, ինչ պատկեր է ստացվելու վաղը խորհրդարանի նոր ընտրություն անցկացնելու դեպքում: Մեծ հաշվով՝ լինելու է նույն պատկերը, գուցե՝ շտրիխային տարբերություններով:
Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, բուն խնդիրն այն է, որ, այս կատարվող «ռազբորկաներից» դուրս, Հայաստանում գործնականում չի կատարվում հայեցակարգային առումով որակապես տարբերվող որևէ այլ բան, որը լայն հանրության մոտ կդիտարկվեր գործընկերային ներուժ պարունակող, ընդհուպ՝ մասնակցային հետաքրքրություն ներկայացնող երևույթ:
Որ ուժը կարողացավ լուծել այդ բարդ խնդիրը, նա կվերափոխի իրավիճակը Հայաստանի քաղաքական դաշտում»: