Վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վաշինգտոնում, ըստ ամենայնի, սպասվում է բավականին բարդ հանդիպում, ինչի վկայությունը դրանից առաջ Ադրբեջանի եւ Բրիտանիայի արտգործնախարարների թվիթերյան գրառումներով «փոխանակումն» էր Լոնդոնում նրանց հանդիպման առիթով, որ տեղի էր ունեցել Ուկրաինայի ետպատերազմական վերականգնման թեմայով կոնֆերանսի շրջանակում:
Պետք է ուշադրության արժանացնել գրառումների ձևակերպումներին: Նախ, Բայրամովը գրում է, իբր թե հավատարիմ են ռեգիոնի խաղաղությանը՝ «չնայած Հայաստանի ստեղծած մարտահրավերներին»: Պատասխան գրառում է անում Բրիտանիայի արտգործնախարարը՝ խոսելով այն մասին, թե աջակցում են ռեգիոնի բարգավաճմանն ու խաղաղությանը, և որ «Հայաստանի հետ խաղաղության պատմական համաձայնագիրը հասանելիության սահմանում է»:
Ադրբեջանը Լոնդոնի հանդիպումով գցել է Վաշինգտոնում սպասվող բանակցությանը կոշտ դիրքորոշումներով հանդես գալու հիմքերը կամ ամրացրել դրանք:
Երևանի դիմադրունակության քայլն այդ առումով կատարվեց զուգահեռ՝ պաշտպանության նախարարի՝ Փարիզ այցով, որը Ֆրանսիայի հրավերով էր:
Վաշինգտոնում, ըստ ամենայնի, կծավալվի բրիտանա-ֆրանսիական «հավերժական» դիմակայության մի դրվագ՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ:
Ամբողջ հարցն այն է, որ ԱՄՆ նոր ատլանտյան խարտիայի «զուգընկերը» Բրիտանիան է: Հայաստանին, ըստ ամենայնի, անհրաժեշտ է բալանսի խնդիրների առավել առարկայական լուծումներ փնտրել, այսպես ասած, ռեգիոնին ավելի մոտ: Դրանք կարող են լինել նվազ պսպղուն, բայց ավելի գործնական՝ հաշվի առնելով և այն, որ Ֆրանսիան ինքն այսօր ակնհայտորեն «պատեպատ» ռեժիմում փնտրում է իր տեղը որևէ խաղային սխեմայում և անգամ թակում «ԲՐԻԿՍ» վեհաժողովի դուռը:
Փարիզն, անշուշտ, մեզ համար մնում է շատ թանկ ու կարևոր բարեկամ-գործընկեր»: