Տեսակետ

«Բացի անիրատեսական ու գիտաֆանտաստիկ մոտեցումներից՝ ի՞նչ լուծում են տեսնում պաշտոնական Ստեփանակերտում». Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իսկ ի՞նչ են մտածում Արցախի իշխանությունները:

Հասկանալի է, Հայաստանը պետք է մաքսիմալ աջակցի, որ Արցախի հայերի իրավունքները պաշտպանվեն։ Բայց ո՞րն է Ստեփանակերտի պատկերացումը այդ հարցում։

Բացի անիրատեսական ու գիտաֆանտաստիկ մոտեցումներն՝ ի՞նչ լուծում են տեսնում պաշտոնական Ստեփանակերտում։

Արցախի իշխանությունները հասկանու՞մ են, որ իրենց ժողովուրդը իրենց ընտրել է, որ ոչ թե ընդդիմադիր կեցվածքով «ուռա-հայրենասիրություն» գոռան, այլ որ ռեալ քայլեր ձեռնարկեն սեփական քաղաքացիների անվտանգության ապահովման համար։

Նրանք պետք է սեփական ժողովրդի հետ իրատեսական հնարավորությունների մասին ազնիվ խոսակցություն ունենան։

Ի՞նչ են պատկերացնում՝ ռուսների էգիդայի տակ շարունակել ապրե՞լ (գնալով վատթարացող պայմաններով ու փակվող Լաչինով), Բաքվի հետ բանակցել ու փորձել միջազգային մոնիտորինգային առաքելությու՞ն բերել Արցախ, միգուցե նստեն, սպասե՞ն, որ մի 70 տարուց աշխարհը կհասկանա, որ իրենք էին ճիշտը (Ադրբեջանն էլ էդքան կսպասի), թե՞, միգուցե, այլ տարբերակ են մտածում։

Հ.Գ. Արցախի իշխանությունները պարբերաբար դժգոհում են Երևանից, վերջինս չի հարգում իրենց անկախությունը։ Այո, Հայաստանի ոչ մի իշխանություն Արցախի անկախությունը չճանաչեց (քանի որ դա լավ տեղ չէր տանի)։ Իսկ, կներեք, պաշտոնական Ստեփանակերտում սեփական ինքնիշխանությունը հարգու՞մ են։ Ինքնիշխանությունը, որի սահմաններում պիտի կարողանան ինքնուրույն, պատասխանատու որոշումներ կայացնել։ Իրենք հասկանու՞մ են, որ պետք է արցախցիներին ներկայացնեն ոչ միայն Երևանում (ինչպես պետք է անեն Հայաստանի մարզերի ու համայնքների իշխանությունները)»։