Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանում տարածված տեսակետ կա, որ Արևմուտքն անվտանգության հարցում պատասխանատվություն կստանձնի այն դեպքում, երբ կկարգավորվեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Բայց ամբողջ հարցն այն է, որ Հայաստանին անվտանգության հարցում դաշնակցային արտաքին պատասխանատու աջակցություն պետք է հենց մինչ այդ, ոչ թե դրանից հետո, որովհետև Հայաստանն իր ներուժով անկարող է ապահովել ուժերի այնպիսի նվազագույն հավասարակշռություն, որը կարող է լինել ցանկացած իրական կարգավորման հիմք: Կարգավորման հիմքերը թղթերը չեն, այլ ուժերի բալանսը: Երբ վերանում է բալանսը, թղթերը արագորեն «ճմռթվում» են:
Ահա, հենց հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերության բալանսավորված կարգավորման իրատեսականության համար է, որ Հայաստանն ունի արտաքին դաշնակցային պատասխանատու աջակցության կարիք, բնականաբար, իր ներուժի առավելագույնն անելու աներկբայությամբ:
Արևմուտքը, անկասկած, գիտե դա, բայց ինքն էլ չունի այդ պատասխանատվությունը ստանձնելու կարիքը, քանի որ դա նշանակում է դառնալ կողմ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ:
Արևմուտքի համար գրեթե «իդեալական» է, երբ այդ պատասխանատվությունը Ռուսաստանի վրա է, հատկապես՝ այսօր խնդիրների մեջ թաղված Ռուսաստանի, որի համար դա դարձել է գրեթե անհաղթահարելի ծանրություն:
Հետևաբար, իրերի այդ դրության պահպանման հարցում թիվ մեկ շահառուն հենց Արևմուտքն է․ Հայաստանի համար «պատասխանատվությունը» պետք է մնա Ռուսաստանի վրա, իսկ Ռուսաստանը չպետք է դուրս գա այդ «փոսից»:
Ռուսները, բնականաբար, չեն կարող «կտրուկ» հրաժարվել այդ պատասխանատվությունից, բայց, մյուս կողմից, ընտրել են նաև տակտիկական տեղատվության սցենարը՝ միաժամանակ սուր արձագանքելով արևմտյան ակտիվության հանդեպ – ԵՄ դիտորդներ, վաշինգտոնյան գործընթաց և այլն, ինչը Արևմուտքի վրա «պատասխանատվության» բաժին դնելու՝ իրենց մեթոդն են: Դա, իհարկե, անհամեմատ թույլ մեթոդ է, բայց ռուսները չունեն այլ տարբերակներ:
Այս պայմաններում Հայաստանի անելիքը չափազանց բարդ է և նվազագույնը պահանջում է խաղալ բոլոր հնարավոր ուղղություններով․ ավելին, յուրաքանչյուր ուղղությամբ գուցե նույնիսկ խաղալ մի քանի «գծերով», գտնել դա անելու հնարավորությունը»: