Տեսակետ

Ինչու՞ էին կազմակերպել 2019թ․ օգոստոսի 5-ի հանրահավաքը և ծափահարել Փաշինյանին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի ելույթի ամենաուշագրավ կոնստատացիան Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների՝ Ստեփանակերտում 2019 թ․ գարնանը Ստեփանակերտում գումարված՝ համատեղ նիստի հիշատակումն է։ Ոչ թե որպես պատմական փաստի արձանագրում, այլ՝ որ ծրագրային իր ելույթը համաձայնեցված էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Համաձայնությունը, կարծում եմ, պետք է կայացած լինի նախ աշխատանքային-փորձագիտական մակարդակում։ Այսինքն, մինչ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի գումարումը Հայաստանի վարչապետի գրասենյակը Նիկոլ Փաշինյանի ելույթի աշխատանքային տարբերակն ուղարկել է Արցախի նախագահի աշխատակազմ, որտեղից այն եզրակացության կամ նկատառումների համար հասցեագրվել է Անվտանգության խորհրդի քարտուղարին և արտգործնախարարին, ստացվել է հավանություն, ինչի մասին իրազեկվել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի ելույթի կարևորագույն ընդգծումը երկուսն են․
-ինքը լիազորված չէ Արցախի անունից բանակցել
-կարգավորման սկզբունքները և տարրերը լղոզված են, լրացուցիչ մեկնաբանության և հստակ, տարընթերցման տեղիք չտվող վերաձևակերպումների կարիք ունեն։

Սա ըստ էության բանակցային նախընթաց փուլերը գոնե քաղաքական իմաստով չեղարկելու, ամեն ինչ մաքուր էջից սկսելու անոնս է։ Այդ նիստից հետո Արցախի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել են ևս մեկ տարի։ Ընդ որում, Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից չորս ամիս անց, 2019թ․ օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է․ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչը համարվում է բանակցությունների խզում և «կազուս-բելի»։ Հիմա հարց․ ի՞նչ որոշում է ընդունվել Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ Արցախի իշխանությունները, ռազմա-քաղաքական էլիտան Փաշինյանին լիազորել են բանակցել նաև իրե՞նց անունից, համաձայնել են, որ նա սկսի իր կետի՞ց։ Եթե՝ այո, ապա ի՞նչ հիմնավորմամբ և հեռանկարով։ Եթե՝ ոչ, ապա ինչու՞ չեն հայտարարել։ Ինչու՞ են կազմակերպել 2019թ․ օգոստոսի 5-ի հանրահավաքը, ներկա գտնվել և ծափահարել Փաշինյանին։ Ո՞վ ունի այս հարցերի պատասխանը»։