ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Վերջին օրերին շատերն են հարցնում՝ արդյոք ճի՞շտ է, որ ՏՏ ոլորտում աշխատողների եկամտային հարկը 20%-ից իջնելու է 5%-ի:
Թեպետ հարցազրույցներում ասել եմ, բայց այստեղ էլ պարզաբանեմ:
Նման նախագիծ (ՏՏ ոլորտի արտահանող ընկերությունների համար եկամտային հարկի արտոնություն տալը) հանրային քննարկման դրել է Էկոնոմիկայի նախարարությունը: Հանրային քննարկման՝ ոչ ավելին:
Նախագծերը դեռ պետք է շրջանառվեն, մնացած գերատեսչությունները կարծիք պետք է հայտնեն, պիտի անցնեն նախանիստով, հետո կառավարության հավանությանն արժանանան, ուղարկվեն ԱԺ, ԱԺ-ն երկու ընթերցմամբ հավանություն տա, երկրի նախագահը ստորագրի, որպեսզի նախագծերը ուժի մեջ մտնեն:
Տվյալ նախագիծն այդ փուլերը չի անցել: Այն ընդամենը հանրային քննարկման է դրված:
Եթե իմ կարծիքն եք ուզում, ես սխալ եմ համարում ՏՏ ոլորտի արտահանող ընկերություններին նման արտոնություն տալը: Բազմաթիվ փաստարկներ կարող եմ նշել՝ ինչու է դա սխալ, բայց քանի դեռ այդ նախագիծը պաշտոնապես ԱԺ-ին չի ներկայացվել, զերծ մնամ մանրամասներից»։