Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ինչու՞ է Ադրբեջանը կրակում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Որովհետև այն հայ-ամերիկյա՞ն է:
Թերևս, ոչ։ Ավելի շուտ՝ հենց այն պատճառով, որ այն միայն ֆորմալությամբ է հայ-ամերիկյան, իսկ գործնականում, ինչպես պարզել էր «Հետք»-ը՝ գործարանի մասին էկոնոմիկայի նախարարի գրառումից հետո, դա Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դստեր ու փեսայի ներդրումն է՝ ԱՄՆ քաղաքացի ինչ-որ հնդիկ գործարարի մասնակցությամբ:
Սա, իհարկե, այն մասին չէ, որ այդ ներդրումը վատ է: Հայաստանի համար կարևոր է ցանկացած ներդրում․ պարզապես կան ներդրումային ծրագրեր, որոնց շահառությունը ենթադրում է նաև որոշակի քաղաքական «զրահ»:
Ինքս այդպես էի դիտարկում ներդրման մասին տեղեկությունը՝ մինչ «Հետք»-ի տեղեկատվությանը ծանոթանալը, երբ պարզ դարձավ ներդրման կազմն ու կառուցվածքը:
Իրապես, ամերիկյան տնտեսա-քաղաքական ներդրումային հետաքրքրության հանդեպ Ադրբեջանը իրեն կպահեր զուսպ՝ ոչ միայն չկրակելու առումով, այլ նաև այն բողոքների, որ ներկայացնում են գործարանի կառուցման դեմ:
Ի դեպ, հատկանշական է նաև, որ գոնե առայժմ չի եղել ներդրումային այդ համեմատաբար խոշոր ծավալի հանդեպ ԱՄՆ դիվանագիտական հետաքրքրության դրսևորում, ինչը, ի դեպ, հենց կլիներ ներդրումային ծրագրի «քաղաքական» պաշտպանական նշագրումը:
Այդ իմաստով հետաքրքիր է՝ կլինի՞ հետագա ռեակցիա»