ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայրենական մի լրատվամիջոց հրճվում է, որ Մարիա Զախարովան Հայաստանի ԱԽ քարտուղարին «թարս ապտակ» է հասցրել։ Մինչդեռ խոսքը երկրի ինքնիշխանության մասին է, և մամուլն առաջիններից մեկը պիտի ողջուներ գաղափարը, որ ապաշրջափակումից հետո սահմանային հսկողությունը Հայաստանն է իրականացնելու։
Մեկ այլ կայքում կարդում ենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «մեքենաներ է անցկացնում Բերձորում Ադրբեջանի տեղադրած անցակետով» և բխեցնում, որ դա Նիկոլ Փաշինյանի հրահանգն է՝ ոչ միայն հայտարարություններով, այլև «կոնկրետ գործերով երաշխավորել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացը»։
Պարզ է, թե ինչ ասեղ է թելվում․ Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության հսկողությունը հանձնել երրորդ երկրի, գուցե թե՝ վերջինս Լաչինի միջանցքի հսկողությունը վերականգնի։ Իսկ եթե չվերականգնի՞։ Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների ժամկետը լրանում է 2025թ․։ Իսկ Հայաստան-Ադրբեջան պայմանագիրը, եթե ստորագրվի, կունենա անժամկետ իրավական ուժ»։