ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Բարև ձեզ։ Եկել եմ ասեմ, որ սա հատուկ եմ մի օր ուշացումով գրում, որ չասեն, թե էմոցիայից դրդված է:
Խոսքս ուղղում եմ իրավապահ ամբողջ համակարգին՝ ներքին գործեր, դատախազություն, քննչական տարատեսակ մարմիններ, ԱԱԾ և այլն:
Ընդհանուր առմամբ, երկար ժամանակ է՝ ձայն չեմ հանում տարբեր խնդիրների և դեպքերի շուրջ, և ոչ միայն՝ ստորև նշված դեպքի, բայց դա չի նշանակում, որ չեմ հասկանում՝ ինչ է տեղի ունենում, ինչ եք անում և ինչու, դա չի նշանակում, որ պատրաստ եմ հարցերը միշտ ներքին կարգով և ինստիտուցիոնալ խողովակներով քննարկել, առավել ևս, եթե մեծամասամբ դրանք ինչ-որ «խելամիտ» կեղծ փաթեթավորմամբ ցրվում են:
Համակարգերի, այսպես կոչված, «փորձառու և բանիմաց» մասնագետներ և դե՛ռ հարգելի գործընկերներ․ կա՛մ ձգվեք, կա՛մ այլևս խոսակցությունները լինելու են շատ ուղիղ, փաստարկված և պարտադիր՝ հրապարակային, և վստահեցնում եմ, որ ոչ մեկիդ հաճելի չի լինելու:
Եթե դուք տենց ձևը ջոկել եք, որ վերադասին ձեր ուզած ճշմարտությունը ձեր տարատեսակ գույնզգույն տեղեկանքներով կարող եք ներկայացնեք, դա դեռ չի նշանակում, որ տենց անցավ ու մարսվեց, և մենք չենք տիրապետում իրական ճշմարտությանը, որը կհասցնենք ձեր վերադասներին:
Եթե դուք տենց մտածում եք, թե գործ ունեք ուղղակի ինչ-որ «կնոպկա սեղմողների» հետ, ապա չարաչար սխալվում եք, որովհետև անձամբ ես շատ համբերատար եմ, բայց դա ունի ավարտ:
Հիմա կոնկրետ գրելուս իմաստը հետևյալն է․ Դիլիջանի քրեականի պետի իրագործած բռնության խայտառակ դեպքի հետ կապված (ի դեպ, բացարձակ կապ չունի, որ բռնության ենթարկվածը անչափահաս է)՝ ոչ մեկը ոչ մեկին չի կարող մատի վրա ֆռռացնել․ սա՝ մեկ։ Երկրորդը՝ տարբերակ չունեք զղջումով ավարտեք, թե չէ կստացվի, որ ես կարամ մանդատովս ձեր խայտառակ գործընկերոջը ծեծեմ (իսկ ես կարամ, ուղղակի թույլ չեմ տա ինձ), հետո զղջամ, և դուք ըմբռնումով մոտենաք։ Ավելին, խոսքը այստեղ պիտի ոչ միայն պաշտոնազրկման մասին գնա, այլ կոնկրետ կոչումազրկման, քանզի նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են, այլև ուղղակի անընդունելի, որովհետև դա համակարգի արատն է, և եթե դուք ուղղակի ըմբռնումով եք մոտենում, ապա նշանակում է, որ ըմբռնումով եք մոտենում, որ նույն բանը կարող է իրեն թույլ տալ ձեզնից յուրաքանչյուրը:
Ոչ մեկի մտքով թող չանցնի, որ կարող է թեման սղղացնել, հանրային էմոցիաները հանդարտվեն, իսկ հետո՝ մի վեց ամիս անց, սույն անձը ինչ-որ մի համակարգում հայտնվի մի տաքուկ պաշտոնում:
Այս հարցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իմ գործընկերներին հորդորել եմ, որ հետևողական լինեն, և լինելու ենք:
Այս պահին՝ դեռ այսքանը: Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ և տոկուն:
Շնորհակալություն ուշադրության համար
Հարգանքով՝
ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյան»։