Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Սոցիալական ցանցերում առաջին հերթին հեղինակավոր անձանց կողմից է շրջանառվում «Արցախը տանք՝ խաղաղ ապրենք» խոսքը կամ՝ «Արցախը տանք՝ լավ ապրենք»: Փորձել եմ գտնել, թե ո՞վ է առաջինը նման հայտարարություն արել, որտե՞ղ է արել, բայց չեմ գտել սկզբնաղբյուրը և կամ հեղինակին: Գրեթե վստահ եմ, որ դա ինչ-որ պետական, քաղաքական գործչի խոսքերի խեղաթյուրված, ենթատեքստից դուրս բերված վերագրում է՝ զուտ քաղաքական և քարոզչական նպատակներով:
Ովքե՞ր են այս մտացածին խոսքը շահարկողները: Առաջին. նրանք, ովքեր հեռացել են Հայաստանից, հարկ չեն վճարում Հայաստանին, հետևաբար նաև Արցախին, քանի որ 1992-ից ի վեր Արցախի բյուջեի մինչև 70 տոկոսը ձևավորևվել է ՀՀ-ից տրված, անվերադարձ վարկի միջոցով: Դա եղել է Հայաստանի բոլոր ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ժամանակներում:
Երկրորդ. նրանք, ովքեր մատը մատին չեն տվել Արցախյան առաջին և երկրորդ՝ 44-օրյա պատերազմի օրերին և նրանց գործունեությունը դուրս չի եկել զրուցարանի կամ սոցիալական ցանցերի սահմաններից: Երրորդ. նրանք, որոնց հանգիստ չի տվել այն, որ Հայաստանն անկախության ճանապարհով են տարել և Արցախյան առաջին պատերազմը հաղթանակել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա ռազմաքաղաքական թիմը Հայաստանում և Արցախում:
Չորրորդ. նրանք, ովքեր իրենց զավակներին փախցրել են Հայկական բանակից, բայց ճոխ սեղանների շուրջ խմել մեր նահատակված զավակների կենցածը: Հինգերորդ. նրանք, ովքեր իրենց հայրենասիրությունն ապացուցում են Եռաբլուրում և կամ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակի տակ ունեցած նկարներով: Վեցերորդ. նրանք, ովքեր չեն մասնակցել հանուն Արցախի արված հանգանակություններին, բայց այսօր իրենց թույլ են տալիս իրենց չվճարված գումարները պահանջել և դա անում են գռեհիկ կերպով:
Հազարավոր, տասնյակ հազարավոր սփյուռքահայեր 1 դոլարից մինչև 1 միլիոն և 15 միլիոն դոլար են նվիրաբերել՝ օգնելով Հայաստանի/Արցախի ժողովրդին և այդ օգնությունը կենսական է եղել հատկապես 1990-ականն թվականների ծանր, բայց հաղթական տարիներին: Բայց այդ մարդիկ, կասկած չունեմ, երբեք չեն պահանջում հանուն հայրենիքի իրենց սրտաբուխ նվիրատվությունները, այն էլ՝ հրապարակավ ու գռեհիկ ոճով»: