Տեսակետ

«Խորհրդային կաղապարներից ազատվելու ոչ մի գիտակցական ջանք»․ Հրաչ Բայադյան

Մշակութաբան Հրաչ Բայադյանը Ֆեկսբուքի իր էջում գրել է․ 

«Մի քանի օր առաջ անցնում էի Ռադիոյի տան մոտով։ Գիտեք, մայթին դրված ռադիոյի հուշարձանը նաև աշխատող ռադիո է․ Լուսիկ Քոշյանն էր երգում՝ «Կոլխոզնիկ տղա, մեր այգին արի» կամ դրա նմա մի բան: Հիշեցի, որ 3 տարի առաջ, երբ Հանրային ռադիո էի գնացել, միջանցքում՝ վերելակի մեջ, խորհրդահայ էստրադա էր հնչում: «Խորհրդահայ դրախտը» հավանաբար դեռ երկար կմնա «մեր նվաճումների» բարձրակետը, մեր գոյության անկրկնելի ու բաղձալի տեղը: Այո՛, այսօր ետ նայելու պատճառներն ավելի շատ են, քան շուրջը կամ առաջ: Եվ այս հետահայաց կյանքը սերմանվում է հետևողականորեն՝ արտադրելով հավաքական նարցիսիզմը սնող անսպառ եռանդ:

Հ1-ով «Երգ երգոց. նոր ձայներ» մրցույթը նայեք գոնե մի քանի րոպե, կտեսնեք որ ժողովրդական երաժշտությունը մնում է նույն մոդելի մեջ, որ առաջ է եկել ստալինյան տարիներին (ժողգործիքների անսամբլ և հարակից այլ բաներ). քննադատական վերանայման ոչ մի փորձ, խորհրդային կաղապարներից ազատվելու ոչ մի գիտակցական ջանք:

Հանրային ռադիո-հեռուստատեսությունը կարծես թե սովորեց քննադատել ներկա իշխանություններին, բայց միանգամայն անօգնական է շատ ավելի կարևոր խնդրի առաջ՝ ազատվել և ազատել լսարանը խորհրդահայ անցյալի «ազգային նվաճումների» անվերապահ փառաբանության (և այդպես՝ ինքնափառաբանության) արատավոր պրակտիկայից»։