ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր «Ֆեյսբուքի» էջում գրել է․
«Ու քանի շարունակում է խոսվել «Արցախի ինքնորոշումն ուրանալուց», թույլ տվեք ձեզ ներկայացնել այդ ուրացման մեծագույն, ամենացցուն օրինակը։
Ինքնահռչակ ԼՂՀ-ում 1996 թվականին տեղի են ունենում նախագահական ընտրություններ։ Առաջին նախագահական ընտրությունները։
Ընտրություններում ձայների 89%-ը ստանում է Ռոբերտ Քոչարյանը և դառնում Արցախի առաջին նախագահը։ Մեկ անգամ էլ ասեմ՝ ՈՒԹՍՈՒՆԻՆԸ տոկոս քվե։
Ի՞նչ կաներ ԼՂՀ-ը ինքնորոշումը չուրացած և ժողովրդի 89% վստահության քվեն ստացած նախագահը։ Բնականաբար կպաշտոնավարեր նախատեսված հինգ տարին՝ մինչև 2001 թվականը, կփորձեր բարձրացնել Արցախի միջազգային ճանաչման հարցը, կզբաղվեր պաշտպանական, սոցիալական ու այլ հարցերով։ Էն ամենով, ինչով պիտի զբաղվի հանրապետության նախագահը։
Բայց ի՞նչ է անում Քոչարյանը պաշտոնում ընտրվելուց ընդամենը մեկ տարի անց։ Իհարկե, հրաժարական է ներկայացնում և Հայաստանում դառնում նշանակովի պաշտոնյա՝ վարչապետ։
Որ հասկանաք իրավիճակի աբսուրդայնությունը՝ փորձեք ընդամենը պատկերացնել, որ ձեզ հայտնի կամայական մի պետության ընտրված նախագահը ընտրվելուց ընդամենը մեկ տարի անց հրաժարական տա ու դառնա այլ պետության նշանակովի պաշտոնյա։ Փորձեք նման երկու-երեք դեպք գտնել։ Կարծում եմ՝ չի ստացվի։
Բայց խնդիրն այն է, որ սա իրականացնողները էդպես էլ չեն գիտակցել, որ երբ դու ԼՂ-ն փորձում ես ներկայացնել որպես ինքնորոշված հանրապետություն, բայց դրա ընտրված նախագահը՝ առաջին դեմքը, ընտրվելուց ընդամենը մեկ տարի անց հրաժարական է տալիս ու համաձայնվում դառնալ նշանակվող պաշտոնյա այլ հանրապետությունում, ուրեմն միջազգային հանրությունը ամենաշատը հենց քո չափ լուրջ կվերաբերվի քո ինքնորոշման փաստին»։