Տեսակետ

ՌԴ-ն վերջ դրեց չին-եվրոպական դաշինքին

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Դանիելյանը գրում է.

«Երեկ ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով USAID-ի Եվրոպայի ու Եվրասիայի համակարգող Մարիա Լոնգիի խոսքերին, հայտնեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Հայաստանում մոդուլային միջուկային ռեակտորներ տեղադրել Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար: Ընդ որում, հենց այս վերջին բառերն էին պատճառը, որ ՏԱՍՍ-ը թեմային անդրադարձավ, թեպետ սա իրականում վկայում է շատ ավելի լուրջ գլոբալ տեղաշարժերի մասին, քան Հայաստանի կախվածությունն է ՌԴ-ից:

Դեկտեմբերին գրել էի, որ ջերմամիջուկային ոլորտում առաջընթացի մասին աշխարհին հայտնելը, ըստ էության, նոր աշխարհակարգի ավետիսն է: Ընկերներիցս շատերը, մանավանդ՝ ֆիզիկոսները, թերահավատորեն վերաբերեցին այս լուրին՝ պնդելով, որ կիրառական ոլորտին հասնելու համար ջերմամիջուկային տեխնոլոգիաները դեռ տասնամյակներ ունեն: Բայց, արի ու տես, երկու շաբաթ առաջ Microsoft ընկերությունը պայմանագիր է կնքել Helion Energy-ի հետ: Ըստ պայմանագրի՝ Helion Energy-ն պարտավոր է 2028 թվականից Microsoft-ին ջերմամիջուկային ռեակտորի շնորհիվ մատակարարել 50 մՎտ էլեկտրաէներգիա: Ընդ որում, չմատակարարելու դեպքում պատվիրատուն բավականին լուրջ պատժամիջոցներ է կիրառելու, այսինքն, սա զուտ վենչուրային ներդրում չէ, այլ հստակ մատակարարման պայմանագիր:

Թե՛ ջերմամիջուկային պրոցեսները, թե՛ մոդուլային ատոմակայանները պետք է դիտարկել շատ ավելի լայն համատեքստում, քան Microsoft-ի էկոակտիվիզմը կամ ՌԴ-ին զսպելը: Սրանք նոր աշխարհի հենասյունային տեխնոլոգիաներն են, որոնք արհեստական բանականության, թվային տարադրամի, քվանտային համակարգիչների և տիեզերագնացության հետ մեկտեղ ուրվագծելու են նոր աշխարհակարգը: Աշխարհ, որտեղ այլևս գոյություն չեն ունենալու փաստաբաններ, պետծառայողների բանակ ու, օրինակ, բանկիրներ, ինչպես նաև նավթ։ Եվ, ինչն ավելի կարևոր է, նավթադոլար: Միակ գործոնը, որ կարող էր այս պլանը խաթարել, չին-եվրոպական հնարավոր ու արդեն ուրվագծվող դաշինքն էր, որին, սակայն, վերջ տվեց Ռուսաստանը` մտնելով Ուկրաինա:

Իմիջիայլոց, որ պատկերացնեք, ասեմ, որ մոդուլային ատոմակայանը մի ավտոտնակի չափ սարքավորում է, որը կարող է տալ կես գիգավատտ հզորություն, այսինք, Մեծամորի չափ, այսինքն, Հայաստանի ողջ սպառման մոտ 40%-ը: Ու նենց չի, որ սա նորագույն, նոր բացահայտված տեխնոլոգիա է․ ոչ։ Սա էլ, ջերմամիջուկայինն էլ, արհեստական բանականությունն էլ տասնամյակներ առաջ արդեն կային, ուղղակի ԱՄՆ-ն հիմա է որոշել, որ ժամանակն է դա մտցնել շուկա:

Սրա արդյունքում է, որ ՕՊԵԿ-ն, էս տարի արդեն երրորդ անգամ, պլանավորում է նավթի արդյունահանումը կրճատել, Ռուսաստանն արդեն ահագին կրճատել է, բայց դա, միևնույն է, չի հանգեցնում նավթի գների աճին: Սաուդիտները որոշել են ապագայի քաղաքներ սարքել, ինչ-որ աներևակայելի նախագծեր են փորձում իրականացնել, Դուբայը փորձում է նաև նարկոտրաֆիկի հաբ դառնալ: Բոլոր նավթագազային պետությունները հասկանում են, որ իրենց դարն ավարտվում է, և եկամուտների նոր աղբյուրներ են փորձում հայթայթել: Աշխարհը մոտենում է Մարքսի ու Էնգելսի ուտոպիստական ծայրագծին»: