ԼՂ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ադրբեջանում եւ Հայաստանում ոչ ոք չի համարձակվում ասել ճշմարտությունը․ առանց սկզբունքային քաղաքական համաձայնության հայ-ադրբեջանական կարգավորման կամ «խաղաղության» պայմանագիր անհնար է ստորագրել։
Որովհետեւ Հայաստանի սահմանադրության իմաստով Արցախը (նախկին ԼՂԻՄ-ը) Հայաստան է եւ վերջ,- իսկ Ադրբեջանի սահմանադրությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղ՝ որպես ինքնավարություն կամ վարչա-տարածքային սուբյեկտ չի ճանաչում, այլեւ Սյունիքը, Գեղարքունիքի, Եղեգնաձորի մարզի որոշ տարածքներ, նույնիսկ Երասխավանը եւ Վեդին համարում է «ադրբեջանական»։ Հայաստանը եւ Ադրբեջանը կգնա՞ն սահմանադրական փոփոխությունների։
Նման մի «պայմանավորվածության» կողմերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, հանգել էին ԽՍՀՄ փլուզման նախաշեմին՝ ստորագրելով Ժելեզնովոդսկի կոմյունիկեն, բայց դա մնաց թղթի վրա։ Հայաստանը ՀԽՍՀ իրավահաջորդն է, Ադրբեջանը՝ 1918-20 թ․թ․ գոյություն ունեցած Դեմոկրատական հանրապետության։
Թնջուկը կարող է «հատվել սրով» կամ լուծվել միջազգային դատական ատյանում, որ պետք է պատասխանի մի հարցի․ «Ո՞րն է այսօրվա անկախ Ադրբեջանի տարածքը»։ Եթե դա Ադր․ԽՍՀ տարածքն է, ապա Լեռնային Ղարաբաղը նրա «անբաժանելի» մասը չէ, այլ՝ «բաղկացուցիչ»։
Իսկ երեկվա «բաղկացուցիչն» այսօր կարող է այդպիսին չլինել։ Դա անգամ ԽՍՀՄ սահմանադրությունն էր ասում՝ միութենական հանրապետությանն արգելելով ինքնուրույն լուծել իր կազմում գտնվող ինքնավար պետականության լինել-չլինելու հարցը։ Բայց մենք այս ուղղությամբ քայլ անու՞մ ենք, արե՞լ ենք։
Այս հարցը մի օր հասնելու է միջազգային «արբիտրաժի»։ Մենք միայն ժամանակ ենք վատնում»: