Տեսակետ

Բլինքենի համար գործընթացը ունի կարիերայի ապագայի որոշակի արժեք. Բադալյան

Բլինքենի համար գործընթացը ունի կարիերայի ապագայի որոշակի արժեք. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Էնթոնի Բլինքենը հայտնում է, որ գոհ է ձեռք բերված առաջընթացից և լավատես է: Դե, ըստ ամենայնի, նա մի բան գիտե և, անկասկած, գիտե հազար բան ավելի, քան մենք:

Բայց գոհ չլինելու պարագայում էլ հազիվ թե խոստովաներ, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հավաքել, չորս օր պահել է Վաշինգտոնում ու որևէ արդյունք չի ստացել: Դա կլիներ պարզապես ձախողման խոստովանություն: Հետեւաբար, «ժանրի կանոնը» պահանջում է արձանագրել գոհունակություն և խոսել առաջընթացից:

Կրկնեմ, գուցե և այդպես է: Բայց երբ Վաշինգտոնում ավարտվում է բանակցությունը, Հայաստանի վարչապետը Պրահայում ասում է, որ «առ այս պահը» չկա համաձայնություն Ստեփանակերտ-Բաքու խոսակցության միջազգային մեխանիզմի, տարածքային ամբողջականության ճանաչման մեխանիզմի հարցերում, և չկա խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային երաշխիք: 

Այդ ֆոնին, գոնե հրապարակային մակարդակում, ուշադրության միակ արժանի բանը, որ եղել է Վաշինգտոնում, բանակցային երրորդ օրը Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն էր Բայդենի խորհրդական Սալիվանի հետ: 

Եթե տեղի է ունենում պետքարտուղարության բարձր հովանու ներքո բանակցային բազմօրյա գործընթաց, ի՞նչն է Սալիվանին մղում հանդիպել դրա մասնակիցների հետ: Թերևս այն, որ Սպիտակ տան և պետքարտուղարության միջև չկա գործընթացի վերաբերյալ միատարություն: Ընդ որում, դա միանգամայն նորմալ և օրինաչափ երևույթ է պետական կառավարման համակարգերի համար:

Եվ այստեղ էլ ուշադրության է արժանի այն, ինչ մեկ-երկու անգամ ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, որ հայ-ադրբեջանական գործընթացը Բլինքենի համար «անձնական առաջնահերթություն» է: Հակված եմ մտածել, որ պետքարտուղար Բլինքենի համար գործընթացը ունի կարիերայի ապագայի որոշակի արժեք, օրինակ՝ կմնա՞ նա Բայդենի հետ երկրորդ ժամկետի, եթե, իհարկե, մնա Բայդենը, թե՞ ոչ:

Թվում է, որ հայ-ադրբեջանական հարցը իր տրամաչափով բոլորովին համարժեք չէ ԱՄՆ տրամաչափի և հորիզոնի հետ: Բայց այստեղ խնդիրը Նահանգների համար բոլորովին էլ հայ-ադրբեջանական կարգավորումը չէ, այլ այն ավելի խոշոր ճյուղավորումները, որոնց մեծ հանգույցում է այդ՝ առերևույթ փոքր տրամաչափի խնդիրը:

Եվ, այս տեսանկյունից էլ, չարժե բացառել, որ ԱՄՆ պետքարտուղարի գոհունակությունն առնչվում է հենց այդ «ճյուղային» էֆեկտին, այլ ոչ անմիջական վաշինգտոնյան քննարկումներին»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական