Տեսակետ

Երևանում արտահերթ ընտրությունների համար իրավական, քաղաքական հիմքեր չկան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Արտահերթ ընտրությունների, մեծ հաշվով, կարելի է գնալ, երբ առկա է կամ քաղաքական կոնսենսուս, կամ էլ կառավարման ճգնաժամ (կառավարման անհնարինություն)։ Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանի կառավարումը անհնարին չէ, արտահերթ ընտրությունների քաղաքական կոնսենսուս էլ չկա։

Ինչ վերաբերվում է ավագանու կողմից քաղաքապետ չընտրելուն, ապա պետք է նշել, որ օրենքն ունի մի էական բաց. Երևանի ավագանին լուծարվում է, եթե ընտրություններից ամինջապես հետո չի կարողանում քաղաքապետ ընտրել։ Եթե քաղաքապետ չի կարողանում ընտրել այլ ժամանակաշրջանում, ապա դա, տեխնիկապես, լուծարման հիմք չէ։

Սա իրապես օրենքի բաց է, որը կա միայն Երևանին վերաբերվող կարգավորումներում։ Այլ համայնքների մասով ավագանու լուծարման հիմք է թե՛ ընտրվելուց ամինջապես հետո և թե՛ այլ ժամանակաշրջանում այդ պաշտոնի թափուր մնալու պարագայում համայնքի ղեկավար չընտրելը։

Օրենքի այս բացը, հավանաբար, տեխնիկական վրիպակ է։ Բայց դե օրենքը պետք է կարդալ բառացի` սևով սպիտակի վրայից գրված է։ Այլ կերպ ասած՝ Երևանում արտահերթ ընտրությունների համար չկան ո՛չ քաղաքական, ո՛չ էլ կառավարչական պատճառներ և ո՛չ էլ իրավական հիմքեր։

Նշեմ, որ առանց էական պատճառների արտահերթ ընտրություններ անելը խնդրահարույց է` դրանցում ուժերի հավասար մրցակցայնության տեսանկյունից։

Հ.Գ. Հիշեցնեմ, որ 2021 թվականին ԱԺ արտահերթ ընտրությունների համար կար թե՛ քաղաքական կոնսենսուս, թե՛ կառավարման ճգնաժամով պայմանավորված պատճառ և թե՛ իրավական հիմք»։