Լրագրող Ռոբերտ Անանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ռուս խաղաղապահների և անցակետ տեղադրող ադրբեջանցիների բանակցությունները կավարտվեն այնպիսի արդյունքներով, ինչպես 2020-ի դեկտեմբերին՝ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ։
Ադրբեջանը ռուսների աչքի առաջ գրավեց այդ գյուղերը, գերեվարեց հայ զինծառայողների։ Նրանց կանխարգելելու փոխարեն Ռուսաստանի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի քարտեզից դուրս թողեցին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ Ռուսները չեն աջակցում, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր հայ ռազմագերիների, ինչն անել պարտավոր են։
Ռուսները հիմա նույնպես կգործեն այնպես, ինչպես 2022-ի մարտին, երբ Ադրբեջանը ՌԴ խաղաղապահների աչքի առաջ գրավեց Քարագլուխ բարձունքը, Փառուխ գյուղը ենթարկվեց էթնիկ զտման։
Ռուսները չխանգարեցին Ադրբեջանին 2022-ի օգոստոսին, երբ ադրբեջանցիները գրավեցին Մարտակերտի ուղղությամբ Գըրըղգըզ բարձունքը, տվյալ լեռնաշղթայի մի քանի այլ բարձունքներ։
«Ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման գոտում գործող անօրինական կազմավորումների զինաթափումը պետք է պարտադիր բնույթ կրի», - նշված էր Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Այսինքն՝ Ադրբեջանը բաց հայտարարել էր, որ Ռուսաստանի խաղաղապահների աչքի առաջ սպանելու է Լեռնային Ղարաբաղի հայ զինծառայողներին, բայց ռուսները չկանխեցին հետագա բռնությունները։
Ռուսաստանը չի կանխի Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումն այնպես, ինչպես 4 ամիս շարունակ բանակցեց Ադրբեջանի հետ, բայց Լաչինի միջանցքը չբացվեց։
Ռուսաստանը չի կանխարգելի միջանցքում անցակետի տեղադրումը, ինչպես 2023-ի մարտին չկանխարգելեց Լեռնային Ղարաբաղ-Հայաստան միջանցքի գրունտային հատվածի բարձունքների գրավումը Ադրբեջանի կողմից։
Ռուսները մինչև այսօր բանակցում են բարձունքներ գրաված Ադրբեջանի բանակի հետ, բայց ադրբեջանցիները չնահանջեցին։ Ճանապարհը մնաց Ադրբեջանի տեսադաշտում։
Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին Ադրբեջանը հայտնել է Ռուսաստանի խաղաղապահներին, Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին։
Ռուսաստանը չի կանխարգելում ադրբեջանցիների քայլերը։ Այսինքն, ադրբեջանցիները գործում են ռուսների հետ համաձայնեցված։ Ռուսաստանը ունեցել է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ Ադրբեջանի այս գործողությունները թույլ չտալու, բայց հրաժարվել է խաղաղապահի իր դերը կատարել։ Եթե ունակ չեն կատարել իրենց պարտականությունները, թող հայտարարեն այդ մասին, դիմեն ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, որպեսզի Արցախի անվտանգության ապահովման միջազգային ուժ ներգրավվի։ Ռուսաստանը դա չի անի, քանի որ տառապում է միակը լինելու հիվանդությամբ։ Դա մեզ համար արժենում է կյանքեր, տարածքներ։
Շարունակելը չտեսնել, թե ինչով է զբաղված Ռուսաստանը Արցախում, ի՞նչ ախտորոշում ունի։ Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Պուտինը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է ըստ միջազգային նորմերի, Հայաստանում և Արցախում շատերը էլի չլսելու տվեցին։ Երբ այդ մասին հարց էինք տալիս Արցախի իշխանության ներկայացուցիչներին, Հայաստանի քաղաքական ուժերին, նրանք մեղադրում էին մեզ՝ խոսքը կոնտեքստից կտրելու մեջ։
Բանը հասավ նրան, որ հանրահայտ քաղաքական որոշ մեկնաբաններ Պուտինին մեկնաբանում էին այնպես, թե դե Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմով մարտահրավեր է նետել միջազգային իրավունքին։ Այսինքն, երբ Պուտինը ասում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է ըստ միջազգային նորմերի, նա կարող է և այստեղ մարտահրավեր նետել միջազգային իրավունքին։ Տեսնում ենք, թե ինչպես է մարտահրավեր նետում Ադրբեջանին։
Շարունակեցիք խաբել մարդկանց, մինչև Լավրովը որոշեց նկարագրել, թե ըստ Ռուսաստանի, Լեռնային Ղարաբաղն ինչպիսի՞ մեխանիզմներով և մոդելով պետք է գտնվի Ադրբեջանի կազմում։ Բայց մեր պրոռուսական ուժերը շարունակում են խաբել մարդկանց, թե Ռուսաստանը չի տա Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին։
Ադրբեջանի՝ անցակետ դնելը ևս Ռուսաստանը չի կանխարգելելու։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը սուվերենություն է տարածում Արցախի վրա։ Առանց Ադրբեջանի թույլտվության ոչ ոք չի կարողանա մտնել Արցախ։ Սա բոլորովին նոր վիճակ է՝ լի վտանգներով։ Քանի դեռ Ռուսաստանի այս պահվածքը հանդուրժում են Հայաստանում և Արցախում, գուշակեք, թե հետագա վատթարացումներն ինչպիսի տեսք են ունենալու։ Եթե անվտանգության մեխանիզմները մեծ մասշտաբով չգործեն, էթնիկ զտում է սպասվում։
Հուշեմ՝ Արցախի ամբողջական ենթակայեցում Ադրբեջանին։ Ռուսաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման պարտականություններ իրականացնող, արդեն հայտարարել է, որ խնդիր չունի նաև դրա հետ։ Նորից լսեք Լավրովին»։