«ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Հայաստանը նոր նշաձող սահմանեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների բացման արարողությունների համար. մինչ այս անցկացված որևէ առաջնություն չէր ունեցել նման շքեղ, մասշտաբային ու ներկայանալի մեկնարկ։
Սա ոչ միայն կարևոր է հենց ծանրամարտ սպորտաձևի տարածման ու զարգացման, այլև մեզ համար Հայաստանը, որպես սպորտային աշխարհի կենտրոն դիրքավորելու առումով։
Եւ ահա Հայաստանը պետք է քաղի առավելագույնն այս համաեվրոպական միջոցառումից, ինչու ոչ ցույց տա հաջորդ տարի աշխարհի ծանրամարտի առաջնությունը Երևանում անցկացնելու իր կարողությունները։
Բայց արի ու տես, որ մի հայ երիտասարդ, ով ինքն է հեղինակել ու կարել Ադրբեջանի դրոշը բռնող մոդելի կրկին ադրբեջանական դրոշով զգեստը, որոշում է խափանել ողջ այս գործընթացը, գցել Հայաստանի միջազգային վարկը ու ձեռքի հետ էլ լավագույն նվերը մատուցում Ադրբեջանին. ամբողջ միջազգային մամուլը ողողված է այս միջադեպով։
Ի դեպ այս ամենը հայրենասիրության քողի ներքո։
Բայց կա պարզ ճշմարտություն` հայրենասիրության ցանկացած դրսևորման վերջնարդյունքը հայրենիքիդ օգուտ տալն է, եթե հակառակն է տեղի ունենում, դա ունի բոլորովին այլ անուն և արվում է բոլորովին այլ նպատակներով։
Թշնամու դրոշ վառելով ու քոնը թափահարելով, կենացներ ասելով, հայրենակիցներին անվանարկելով հայրենիք չեն սիրում, պետություն չեն կառուցում, չեն հաղթում»: