Տեսակետ

Դրոշ վառելն ընդամենը «մխիթարում» է, թշնամուն պետք է հաղթել առարկայորեն

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Դեռ տարիներ առաջ առիթ եմ ունեցել կարծիքս արտահայտելու, որ դրոշ վառելը, ընդհանուր առմամբ, բնորոշ է պետականազուրկ մտածողությանը, և գործնականում ոչնչով չվնասելով թշնամուն, ընդամենը «մխիթարում» է քեզ, այն էլ ավելի շատ ինքնախաբեության տրամաբանությամբ:

Թշնամուն պետք է հաղթել առարկայորեն՝ մտքով և ուժով, երբ այն չկա՝ համբերատարությամբ, սառնասրտությամբ, մինչ կձևավորես դա անելու հնարավորությունը: Մնացյալը պարզապես «ծնծղա» է, որ հնչեցվում է ըստ անձնական, խմբային, ներքաղաքական և իշխանական նպատակահարմարությունների:

Բայց այս պատմության մեջ դրոշ վառելը չէ էականը, այլ դրա հնարավոր դառնալը: Այստեղ է մտահոգիչը, որովհետև, փաստացի ակնառու է դառնում անգամ մի փոքր, սահմանափակ բեմի «անվտանգություն» ապահովելու անկարողությունը:
Եվ, դրոշ վառելուց առավել, հենց այս հանգամանքն է սրում պետականությանը վերաբերելի հարցերը: