Տեսակետ

Հեյդար Ալիևի «ձմեռային օպերացիան». 4000 «անհայտ կորած» ադրբեջանցիների թեման Բաքուն նաև նախկինում է շրջանառել

ԼՂ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Պատերազմում 4000 «անհայտ կորած» ադրբեջանցիների թեման Բաքուն նաև նախկինում է շրջանառել։ Մի փուլում պետական քարոզչությունը նույնիսկ ներշնչում էր, որ այդ մարդիկ պահվում են համակենտրոնացման ճամբարներում և կազատվեն, երբ ադրբեջանական բանակը կմտնի Հայաստան։ Հետո տևական ժամանակ Բաքուն լռեց։ Ադրբեջանցի ռազմական փորձագետ Մամեդ Վելիմամեդովը փաստական նյութերի հիման վրա ուսումնասիրել է Հեյդար Ալիևի «ձմեռային օպերացիան» (1993թ․ դեկտեմբեր- 1994թ․ փետրվար) և ապացուցել, որ ադրբեջանական բանակը միայն Օմարի լեռնանցքում ավելի քան 2000 սպանված է թողել, երբ խուճապահար նահանջել է մի մասով դեպի Գյանջա, մյուսով՝ Դաշքեսան։ Բայց մենք ծույլ և մեծամիտ էինք, ժամանակին այդ փաստերը չտարածեցինք, համապատասխան քարոզչություն չծավալեցինք և քաղում ենք անձեռնհասության դառը պտուղները․ Ադրբեջանը մոտ 4000 «անհայտ կորածի ճակատագիր պարզելու» խնդիր է ներկայացնում»։