Տեսակետ

Կենդանաբանական նոր այգին պետք է ունենա կրթական ինստիտուցիոնալ նշանակություն

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մի քանի դժգոհություն տեսա՝ Երևանի կենդանաբանական այգին տեղափոխելու մտադրության հետ կապված: Անկեղծ ասած՝ չեմ հասկանում դժգոհության պատճառը: 
Իհարկե, շատերը կասեն, որ պետությունն ունի ահռելի խնդիրներ, ինչ կենդանաբանական այգու մասին է խոսքը: Բայց, այդ ահռելի խնդիրներով պետք է զբաղվեն պետական կառավարման այն կառույցները, որոնք համապետական խնդիրների պատասխանատուներն են՝ խորհրդարան, կառավարություն, մարզպետարաններ: Տեղական կառավարման կառույցները պետք է զբաղվեն իրենց խնդիրներով: Երևանն էլ, բնականաբար, ունի ահռելի այլ խնդիրներ, բայց որևէ քաղաքային իշխանություն պարտավոր է միաժամանակ զբաղվել հենց մեծից փոքր կարևորության խնդիրներով:
Իսկ մեր ներկայիս կենդանաբանական այգու տարածքն իրապես անհարմար է՝ թե զարգացման ծրագրերի, թե պարզապես այցելուների համար: Լավ է սպորտով զբաղվողների, ավելորդ քաշից ազատվելու խնդիր ունեցողների համար:
Այս դեպքում, կարծում եմ, կա երկու կարևոր հարց: Նախ, որպեսզի նոր տարածքում կառուցվի իսկապես բարձր ստանդարտներով կենդանաբանական այգի, որը գործնականում կունենա նաև կրթական ինստիտուցիոնալ նշանակություն, 
երկրորդ՝ կենդանաբանական ներկայիս այգու տարածքը, երբ այգին կտեղափոխվի, վերածել պարզապես զբոսայգու, ոչ թե հերթական ռեստորանային կամ բնակարանաշինական գոտու:
Սա, կարծում եմ, պետք է լինի հանրային պահանջ՝ եթե կենդանաբանական այգին տեղափոխվում է, ապա ներկայիս այգու տարածքում պետք է պահպանվի հանրային նշանակությունը և այն դառնա զբոսայգի»: