ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի պատասխան բազմաթիվ հարցերի՝ պարզաբանում եմ.
1) Մհեր Սահակյանի նկատմամբ կիրառված ձերբակալման ժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 12:10-ին։
2) Մհեր Սահակյանը պահվում է Երևանի ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում (գտնվում է Էրեբունու ոստիկանության մոտակայքում)։
3) Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ մեղադրանք առաջադրելու (քրեական հետապնդում հարուցելու) համար անհրաժեշտ է ազգային ժողովի համաձայնությունը, և առայժմ այն առկա չէ։
4) Քրեական հետապնդում հարուցելու կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար ԱԺ-ին միջնորդելու բացառիկ լիազորությամբ օժտված է գլխավոր դատախազը։ Պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման միակ ձևը սա է, և առայժմ նման միջնորդագիր ներկայացված չէ։
5) Համաձայն օրենքի՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը պետք է քննարկվի «ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» (ԱԺ կանոնակարգ - սահմանադրական օրենք, 108-րդ հոդված). ԱԺ առաջիկա հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 11-ին»։